Սան-Ֆերմին

Սան-Ֆերմինն աշխարհում ամենախելահեղ ու անհավանական տոներից մեկն է: Այն անց է կացվում իսպանական Պամպլոնում (հյուսիսային շրջան Նավարայի մայրաքաղաքում) հուլիսի 6-14-ն ընկած ժամանակահատվածում արդեն 8 հարյուրամյակ:

Սան-Ֆերմինը սկսվում է համապատասխան հագուստի ընտրությամբ՝ սպիտակ տաբատ ու վերնաշապիկ, ինչպես նաև կարմիր թաշկինակ: Որոշակի ժամի Պամպլոնի քաղաքապետարանի պատշգամբից հատուկ հրթիռ են արձակում, և սկսվում է խելահեղ զվարճանքը:

Սան-Ֆերմինի անբաժան ծիսակատարություններից մեկը «էնսիերոն» է՝ կատաղած ցլերից փախուստը: Ամեն առավոտ 8:00-ին բաց են թողնում 12 ցուլերի, որոնք մասնակիցների հետևից սկսում են վազել 875 մ ճանապարհով: Այս ամենը տևում է ոչ ավելի, քան 3 րոպե, սակայն հարյուրավոր դիտորդների է հավաքում: Չնայած այն բանին,  որ վազորդների մեծ մասը տեղի բնակիչներ են ու յուրօրինակ մարաթոնին մասնակցում են պարբերաբար, տուժածների թիվը տատանվում է 10-20 մարդու միջև: Բացի էնսիերոյից՝ ծրագրում ներառված են նաև տոնավաճառներ, դիմակահանդեսներ, պարեր ու շատ ալկոհոլ:

Պետերբուրգյան կատուների միջազգային օր

Սանկտ Պետերբուրգը հայտնի է ոչ միայն իր կամուրջներով, ջրանցքներով ու ճարտարապետական հուշարձաններով, այլև մեծ քանակությամբ կատուներով: Այդ իսկ պատճառով այն բոլոր տոներին, որոնք նշվում են հյուսիսային մայրաքաղաքում, տեղի նկարիչները որոշել են ավելացնել ևս մեկը՝ հունիսի 8-ը դարձնելով Պետերբուրգյան կատուների համաշխարհային օր:

Կատուների տոնին նկարիչներն առաջարկում են այս կենդանիներին հյուրասիրել ամենահամեղ ուտելիքները, իսկ գործատուներին հորդորում են «Котов», «Котеночкин» և նման ազգանուններով աշխատողներին շուտ բաց թողնել աշխատանքից: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Էրմիտաժում ամեն տարի տոնում են Մարտյան կատվի օրը՝ այն կատուների «մասնագիտական» տոնը, որոնք համաշխարհային արվեստի գործերը պահպանում են կրծողներից:

Լա Տոմատինա

Տոմատինան կամ Մեծ լոլիկային պայքարն անցկացվում է Վալենսիայում օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում:

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ գլխավոր հրապարակ են գալիս մեքենաներ՝ բեռնված հարյուրավոր տոննա լոլիկներով: Տոնի սկիզբը տալիս են հատուկ ռումբով՝ ուղիղ ժամը 11:00-ին: Տոնի բոլոր մասնակիցները վազում են դեպի լոլիկները, վերցնում դրանք ու հարվածում մեկը մյուսին: Մարտը շարունակվում է մոտ 2 ժամ և ունի հստակ կանոններ. այն սկսվում ու ավարտվում է ազդանշանով, մասնակիցներին արգելվում է բացի լոլիկից այլ ինչ-որ բան օգտագործել, պատռել մեկը մյուսի հագուստը կամ քաշել մազերը: Մարտից հետո փողոցները հատուկ միջոցներով մաքրում են, իսկ մասնակիցները գնում են տուն՝ մաքրվելու:

Նման տոն անց է կացվում նաև Իտալիայում, սակայն այնտեղ լոլիկների փոխարեն օգտագործվում են նարինջներ, որն էլ մարտն առավել ցավոտ է դարձնում:

Ծուլության օր

Աշխարհում լավագույն տոներից մեկը նշվում է օգոստոսի 20-ին, սակայն, ցավոք, դեռևս միայն մեկ քաղաքում՝ կոլումբիական Իտագուայում: Տոնի պատմությունը սկսվել է շուրջ 30 տարի առաջ, սակայն այն արդեն հասցրել է պետական տոն դառնալ:

Այս օրվա ընթացքում մարդիկ կարող են ծուլանալ այնքան, ինչքան ցանկանում են, ակտիվ կամ պասիվ եղանակներով: Ակտիվ «ծուլությունն» իրենից ներկայացնում է ժամանցային միջոցառումներին մասնակցություն, որոնք կազմակերպում են քաղաքային իշխանությունները: Սակայն որոշ բնակիչներ այլ կերպ են նշում իրենց ազատ օրը. նրանք անկողինը փողոց են դուրս բերում և ողջ օրվա ընթացքում պառկում դրանց վրա՝ դիտելով փողոցի «ակտիվ ծույլերին»: Ըստ անցկացված հարցումների՝ այլ երկրների բնակիչների մեծ մասը ևս ցանկանում է նման տոն ունենալ, սակայն գործատուներն ու իշխանությունները կարծես թե դեմ են դրան:

Ծամածռությունների համաշխարհային մրցաշար

Այս տարօրինակ մրցույթի մասնակիցներին, ամենայն հավանականությամբ, մանուկ հասակում ասել են հետևյալ հայտնի արտահայտությունը. «Ծամածռություններ մի՛ արա, այլապես այդպիսին էլ կմնաս»:

Ծամածռությունների մրցույթի հաղթող է ճանաչվում նա, ում հաջողվում է ամենասարսափելի ու անճոռնի դեմքի արտահայտությունն ընդունել: Ասում են, որ մասնակիցները ամիսներ շարունակ պարապում են հայելիների դիմաց: Չեմպիոններից մեկը՝ Պիտեր Ջեքսոնը, հաղթելու համար հեռացրել է իր բոլոր ատամները, որն էլ նրան հնարավորություն է տվել ամենաանճոռնի ծամածռությունն անելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել