
Հայաստանում ջրահեղձման դեպքերը գրանցվում են հիմնականում ամռանը, երբ մարդիկ շոգից ու տապից «փախչում են» Սևանա լիճ կամ այլ ջրավազաններ: Ջրում խեղդվել կամ վտանգավոր վիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրը` անկախ լողալու վարպետության աստիճանից:
ԱԻՆ-ը ներկայացնում է, թե ինչ է պետք անել, եթե տեսնում եք խեղդվողի:
Ամենակարևորը. ջրային պատահարների գերակշիռ դեպքում խեղդվողը չի կարողանում օգնություն կանչել նաև խուճապի մեջ ընկնելու պատճառով: Եթե ջրավազանի ափին եք և ջրում գտնվողի տարօրինակ վարքի ականատես, մեծ է հավանականությունը, որ լողորդը օգնության կարիք ունի: Ուշադիր, զգույշ և առանց հապաղելու օգնության հասեք: Եթե հնարավոր է՝ փորձեք օգնություն ցույց տալ առանց ջուրը մտնելու: Խեղդվողը կարող է առանց մտածելու կառչել ձեր պարանոցից, և դուք ինքներդ օգնողից կդառնաք տուժող:
Եթե տեղյակ եք ու վստահ, որ ջուրը ծանծաղ է, չի անցնում ձեր ուսերից, կարող եք կանգնել ջրի մեջ և նույնը անել: Աշխատեք տուժածին շատ չմոտենալ, առարկան մոտեցրեք, այն թող լինի ձեր և տուժածի միջև:
Եթե տուժածը ջրի մեջ երեսնիվայր է, զգուշորեն շրջեք և թևատակերից բռնելով՝ հետ-հետ քայլելով հանեք ջրից: Եթե ենթադրում եք, որ տուժածի ողնաշարը վնասված է, աշխատեք բացառել գլխի և ողնաշարի շարժումները: Տուժածի մարմինը հորիզոնական դիրքով` դեմքով դեպի վեր, պահեք ջրում և առանց հապաղելու զանգահարեք արագ արձագանքման ծառայություններ: