Եվս մի քանի օր, և Գյումրին կընդունի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներից մեկի էստաֆետը: Այս տարի հինգ քաղաք է ԱՊՀ տարածքում հռչակվել մշակութային մայրաքաղաք: Այս քաղաքը նման պատվի է արժանացել ըստ արժանվույն, քանզի ահռելի մշակութային-գեղարվեստական կուտակումները ձևավորել են ճշմարիտ մշակութաբանական արժեքներ, որոնց պիտի ծանոթանան շատերը... 
Մշակույթի մայրաքաղաք Գյումրին կքված է ընկերային-տնտեսական բեռների տակ, այս քաղաքն օրավուր դատարկվում է, ու այսօր 220 հազար բնակչից գուցե մոտ 75 հազարն է մնացել... Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, աշխարհի տարբեր երկրներում տասնյակ հազարավոր գյումրեցիներ են ապրում, որոնցից շատերը խոշոր գործարարներ են, մշակույթի, գիտության անվանի գործիչներ... Չեմ կարծում, թե անհրաժեշտ պիտի լինի հատուկ հրավերների սպասել, հատուկ ծրագրերի մասնակցության կանչ ստանալ... Եթե որևէ մեկի համար թանկ ու նվիրական է աշխարհի այս եզակի քաղաքներից մեկը, ապա խնդրում եմ աշխարհի գյումրեցի հայությանը, հունիսից սկսած` այցելել Գյումրի, մասնակցել գոնե մեկ միջոցառման, մի քայլ կատարել` քաղաքում բիզնես միջավայրի ձևավորման, այս քաղաքին իր երբեմնի փառքը վերադարձնելու համար... Գյումրի գնացեք ոչ թե մարդասիրական ճամպրուկներով, այլ հաստատ որոշմամբ, որ այստեղ ունենալու եք հնարավորություն ինչ-որ բիզնես իրականացնելու, ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու... Գյումրին բոլորիս կարիքն ունի, Գյումրին սպասում է, որ մենք, իր զավակները, այնպես անենք, որ քաղաք եկողները հիանան մշակութային ահռելի կուտակումներով... Ուրեմն, հին ու նոր, աշխարհի տարբեր երկրներում ապրող գյումրեցիներ, ապացուցենք, որ Գյումրին կա ու կլինի, որ Գյումրին Հայաստանի աղն է, նրա ճշմարիտ միջուկը, Հայաստանի առաջին քաղաքը, որը տակավին 1830-ական թվականներին է ստացել քաղաքի կարգավիճակ...

***
ԳՅՈՒՄՐԻ
Կումայրի – Գյումրի – Ալեքսանդրապոլ- Լենինական – Գյումրի (Gyumri – Kumayri – Alexandrapol – Leninakan): Քաղաքը Գյումրի է վերանվանվել 1991թ-ին սեպտեմբերի 21-ի հանրաքվեով:

Իր մեծությամբ Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Բնակչութունը` մոտ 150.000 մարդ, մեծ մասը հայեր են։ Ապրում են նաև ռուսներ, հույներ և եզդիներ։ Գյումրեցիները հայտնի են իրենց սուր հումորով: Գյումրին կարելի է անվանել հայկական հումորի «մայրաքաղաք», ինչպես նաև` Հայաստանի «հայրաքաղաք»:

Կումայրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հազարամյակ, որը հաստատում է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական եւ մշակույթի հարուստ մնացորդներով եւ այլ արժեքավոր նյութերի փաստը:

Գյումրվա զինանշանը

Հովազ - քանի որ Բագրատունիների նստավայրը եղել է Շիրակիմարզում օգագործվել է Բագրատունիների զինանշանը:
Կամար - Արագած սարը և եկեղեցին օգտագրոծվել է որպես Գյումրիքաղաքային բնորոշ բնության և ճարտարապետական էլեմենտներ:
Գ. Լուսավորիչի կանթեղեն օգտագործվել է, քանի որ կա լեգենդ, որ Լուսավորիչի կանթեղը այրվում է Արագածոտնի գագաթների միջև:
Շոուլը օգտագործվում է որպես արհեստների և ճշտապահության սիմվոլ:
Կամարի աջ և ձախ կողմերում շրջանների մեջ կրթության և արվեստիսիմվոլներ:

Քաղաքի զարգացումը

Գյումրիի զարգացման ամենանշանակալից շրջանը եղել է XIX դարը, երբ իր շրջակայքով 1804 թվականին, ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ այն մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն մոտ քարորդ դար ավելի վաղ քան ողջ Արեւելյան Հայաստանը: Այդ ժամանակ այն դարձավ Անդրկովկասի նշանավոր քաղաքներից մեկը:
1829 – 30 թվականներին Արեւմտյան Հայաստանից՝ Կարսից, Էրզրումից, Բայազետից եւ այլ հարյուրավոր ընտանիքներ ներգաղթեցին եւ մշտական բնակություն հաստատեցին Գյումրիում, որի հետեւանքով քաղաքը դարձավ համեմատաբար բազմամարդ:

1837 թվականին Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ը, ժամանելով Գյումրի, քաղաքը կոչում է իր կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրիա Ֆեոդորովնայի անունով՝ Ալեքսանդրապոլ, (ժողովուրդը երբեմն անվանել է նաեւ Ալեքպոլ): 1840 թվականին Գյումրին հայտարարվում է քաղաք, իսկ 1850-ին, դառնում Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառaկենտրոնը: Քաղաքը գլխավոր պրիստավի (գավառապետի) նստավայրն էր, Անդրկովկասի ռուսական զորքերի կարեւոր ավան-պոստը: Այստեղ հիմնվեցին ռազմական ամրություններ, զինվորական ավաններ (Պոլիգոններ` Սեւերսկի, Կազաչի պոստ):

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:

Սովետական կարգերի հաստատմամբ Ալեքսանդրապոլում արագ թափով սկսեց զարգանալ արդյունաբերությունը, գիտությունն ու մշակույթը: Մինչեւ 1930-ական թվականների սկիզբը քաղաքը մնում էր որպես գավառի կենտրոն: 1924 թվականին Վլադիմիր Լենինի մահից հետո Ալեքսանդրապոլը վերանվանվեց Լենինական:

Գյումրիում 1926 եւ 1988թթ. Տեղի են ունեցել աղետալի երկրաշարժեր : 1988թ-ի երկրաշարժի հետեւանքով ոչնչացավ 1.8մլն քառ. Մետր բնակմակերես, այդ թվում 22.678 բնակարան, մոտ 100հզր մարդ դարձավ անօթևան:

Գյումրիում գործում են պետական եւ մասնավոր 7համալսարան, 40 դպրոց, երաժշտական եւ արվեստի քոլեջներ, դրամատիկ թատրոն, տիկնիկային թատրոն, 8 թանգարան, քաղաքային մարզադաշտ, ծածկաց լողավազան, 7 երաժշտական, 15 մարզադպրոց, երգի թատրոն, սպորտային պարերի դպրոց, արտարվեստի դպրոց, 2 նկարչական դպրոց, 25 մանկապարտեզ: Գործում են ԳԱԱ երկրաֆիզիկայի ու ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտը, Հայաստանի հյուսւսային տարածաշրջանի սեյսմիկ պաշտպանության կենտրոնը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել