Հին ժամանակներում կայսրերն անսահմանափակ իշխանություն են ունեցել, իսկ Հին Չինաստանի կառավարիչները հատկապես անվանվում էին Երկնքի որդիներ: Այս մարդկանց աստվածացնում էին բոլորը, և նրանց յուրաքանչյուր ցանկություն միանգամից իրականություն էր դառնում:

Սակայն, լինելով ամենակրող, հեշտ չէր խելամիտ մնալը. նման անսահմանափակ իշխանությունն իսկապես ստիպում էր անել այնպիսի բաներ, որոնք ոչ մի դեպքում չէին անի նորմալ մարդիկ:

Դի Սին կայսրը վայելում էր սեփական գինու լիճը

Երբ Դի Սինի կառավարումը ստաբիլ վիճակի հասավ, և նրա կյանքն իր հստակ «սահմանները» ձեռք բերեց, դինաստիայի շարունակողը սկսեց ուղիներ փնտրել ինքն իրեն զվարճացնելու և բավարարելու՝ երբեմն չափազանց տարօրինակ բաներ անելով:

Նա պատվիրեց գինով լի լողավազան կառուցել ու մսով լի կղզի պատրաստել: Այո, այո, բառիս բուն իմաստով: Լողավազանն անհավանական մեծ չափսերի էր հասնում՝ գրեթե լճի նմանվելով. դրա մեջ մի քանի կանոեներ կտեղավորվեին: «Լճի» մեջտեղում ծառերով կղզյակ կառուցեցին. այդ ծառերի ճյուղերից մսեր էին կախված: Կայսրն ամեն երեկո կանոեով զբոսնում էր գինու լճում և համտեսում մսային դելիկատես:

Ակնհայտ է, որ կայսրի նման պահվածքը ժողովրդի մոտ դրական արձագանք չառաջացրեց: Արդյունքում ապստամբություններ սկսվեցին Դի Սինի դեմ: Վերջինս ինքանասպան եղավ, իսկ նրա դրախտային լիճն ու կղզին ավիրվեցին: Նրա հաջորդներն իրենց ենթականերին խստիվ արգելում էին ալկոհոլ օգտագործել:

Հոուֆեյն իր գեներալներից մեկի ստամոքսն օգտագործել էր որպես թիրախ

Հոուֆեյ կայսրը գահ է բարձրացել բավականին երիտասարդ տարիքում՝ 9 տարեկանում: Պատմությունը չինացիներին հրաշալի դաս է տվել, ու նրանք այժմ գիտեն, որ 9 տարեկանում հսկայական կայսրություն ղեկավարելը հեշտ բան չէ: Մանկահասակ կառավարիչը կուրացել էր անսահմանափակ իշխանությունից ու սարսափելի արարքներ էր գործում: 14 տարեկանում նա սպանվեց: Նրա վերջի սկիզբը դրվեց այն օրը, երբ նա իր գեներալներից մեկին տեսավ մերկ քնած:

Գեներալի մեծ փորը փոքրիկ կայսրին ոգևորեց. նա որոշեց կրակել փորին՝ համարելով այն թիրախ: Նա անգամ ցանկանում էր իրական նետեր օգտագործել, սակայն օգնականը համոզեց շամ օգտագործել: Սա էլ փրկեց գեներալի կյանքը:

Սակայն այս արարքն անպատիժ չմնաց. գեներալը ասասին վարձեց, ով քնած կայսեր գլուխը կտրեց, որից հետո էլ գեներալը ժառանգեց գահը:

Ֆու Շեն կայսրն արգելել էր օգտագործել «առանց» բառը

Համաձայն լեգենդի՝ Ֆու Շենը կորցրել էր աչքը, երբ փորձել է արծվի բնից ձու գողանալ: Միգուցե սա հորինվածք է, սակայն նա իրականում մեկ աչքով էր տեսնում ու չէր սիրում, երբ այդ մասին խոսում էին: Ամեն ինչ հասավ նրան, որ կայսրը սկսեց որպես անձնական վիրավորանք ընդունել, երբ նրա ներկայությամբ օգտագործում էին «առանց», «զուրկ» բառերը: Նա այս բառերի կիրառումը համարում էր հանցագործություն: Յուրաքանչյուրը, ով կօգտագործեր այս բառերը, մահապատժի էր ենթարկվում:

Ֆու Շենն անկեղծորեն կարծում էր, որ սպանությունը միակ ելքն է: Աստղագուշակները համոզել էին կայսրին, որ եթե նա չփոխի որոշումը, ապա նրա կառավարումը շատ կարճ կտևի, սակայն Ֆուն չէր համոզվել: Կառավարման մոտ երկու տարիների ընթացքում նա մահապատժի ենթարկեց իր կնոջը, հորը, հորեղբորը և շատ այլ հարազատների:

Երբ նրա զարմիկները հասկացան, որ իրենց կյանքը ևս վտանգված է, կազմակերպեցին կայսեր սպանությունը:

Վեն Սյուանը սիրում էր մերկ, դիմահարդարմամբ զբոսնել

Վեն Սյուանի կառավարումը սկզբում հրաշալի էր ընթանում, սակայն ժամանակի ընթացքում նա սկսեց առավել քիչ հետաքրքրվել իր երկրով ու ավելի շատ խմել սկսեց: Չէր լինում այնպիսի օր, երբ նրան հարբած վիճակում չգտնեին: Ավելի ուշ տարօրինակ սովորություն ձեռք բերեց. կայսրը մերկանում էր, արտահայտիչ դիմահարդարում անում ու նման տեսքով զբոսնում դղյակի անթիվ սենյակներում: Անգամ ամենացուրտ ձմեռները նրան չէին խանգարում:

Սակայն նրա վատագույն զբաղմունքը հարբելն ու մարդկանց սպանելն էր: Մի անգամ նա ճանապարհին մի կնոջ կանգնեցրեց ու հարցրեց, թե նա ինչ կարծիք ունի կայսրի մասին: Կինը պատասխանեց, որ նա այնքան անխելք է, որ չի կարելի անգամ Երկնքի որդի կոչել նրան: Նույն վայրկյանին կնոջը գլխատեցին:

Եվ սա պատահականություն չէր: Նրա՝ մարդկանց սպանելու ցանկությունն այնքան մեծ էր, որ երբ հարբում էր, նախարարները նրան ուղղորդում էին մահապատժի դատապարտվածների մոտ, որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն:

Չենդեն սիրում էր իր երևակայությունները կյանքի կոչել

Չենդեն կայսր դարձավ 13 տարեկանում: Հարկ է նշել, որ մանկությունը դեռ խաղում էր նրա արյան մեջ, և նա շատ էր սիրում երևակայել: Եվ քանի որ նա հասարակ դեռահաս չէր, այլ կայսր էր, ապա շրջապատում բոլորը պետք է ներգրավվեին նրա խաղերում:

Նա նախարարներին ստիպում էր վաճառականների հագուստ կրել, որպեսզի ինքը կարողանա նրանց «խանութներ» այցելել: Նրանք, ովքեր հրաժարվում էին մասնակցել խաղերին, զրկվում էին պաշտոններից:

Դեռահաս կայսեր հրամանով կենդանաբանական այգու մոտակայքում մի կառույց էին հիմնել, որը 200 սենյակ ուներ: Այստեղ կայսրը հարբեցողությամբ էր զբաղվում ընկերների հետ ու կենդանիների որս էր կազմակերպում՝ երևակայելով, որ կենդանաբանական այգին իրական ջունգլի է:

Այս խաղերի շարքում կայսրն ինքն իր համար երկրորդ «ես» էր ստեղծել՝ գեներալ Ժու Շոուն: Կայսեր անունից նա ենթականերին հրամայում էր Ժուին հրամաններ տալ, ապա կերպարանափոխվում էր գեներալի ու շարունակում խաղը:

Չենդեն գահին մնաց 16 տարի: Նրա կյանքն ավարտվեց հետևյալ կերպ. նա հարբած ընկավ նավակից սառը ջրի մեջ ու որոշ ժամանակ անց մահացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել