Pastinfo.am-ը գրում է

Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո»-ն,  74-ամյա տարեց կնոջը վրաերթի ենթարկած Ժորա Վարդանյանը դատապարտվել է  1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 2 տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ և 150.000 ՀՀ դրամ տուգանքի: Ըստ աղբյուրի՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին է։

Ժորա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դեպքը տեղի էր ունեցել մարտի 10-ին՝ Երևանում: Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել  1943թ. ծնված Մարիա Գրիգորյանին,  որը ստացած մարմնական վնասվածքներից  մահացել էր։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել էր:

Ժորա Վարդանյանը մինչև դատաքննությունը սկսելը միջնորդել էր  արագացված ընթացակարգով գործը քննել և հայտարարել էր, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում: Ժորա Վարդանյանի պաշտպան Կարեն Հովհաննիսյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով  բեկանել իր պաշտպանյալի վերաբերյալ դատավճիռը և որոշում կայացնել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել