ՀՀ Զինված ուժերում Լյուքս Ստեփանյանի սպանության հետ կապված թե՛ նրա հայրենակիցների, թե՛ ՀՀ քաղաքացիների ընդվզումը փաստում է, որ հասարակության համբերության բաժակը իսկապես լցված է կամ մոտ է դրան: Անցած տարիներին խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների քրգործերի կապակցությամբ բարձրաստիճան պաշտոնյաները դեմքի այնպիսի անպատկառ արտահայտությամբ, ուսերի այնպիսի կեղտոտ թոթովմամբ են չքմեղացել, թե չեն կարողանում բացահայտել սպանությունները, որ այսօր թող նրանցից ոչ մեկ չզարմանա իր հանդեպ հնչող հայհոյանքի, անհարգալից արտահայտության համար: Այս ժամերին կառավարությունը ոչ թե պետք է փակեր ընդվզող ժոցովրդի ճանապարհը, բողոքակիրներից «մաքրեր» կառավարության շենքի տարածքը, այլ տեղի ունեցածի համար հրապարակավ ներողություն խնդրեր ողջ հանրությունից ու արագ տեղեկացներ թե՛ այս գործի, թե՛ նախորդ գործերի կարեւոր բացահայտումների մասին: Այլեւս դեմագոգիաները եւ սեթեւեթանքները ոչ մեկի չեն համոզելու, եւ թատրոնը, որ խաղացվում է Սեւանի մայրուղու վրա զինված ուժերի կողմից, ուղղակի նողկանք է առաջացնում:
Հ.Գ.
Որեւէ նորմալ երկրում նման քանակի սպանությունների ու «ինքնա»սպանությունների դեպքում, եւ ընդհանրապես՝ որեւէ ոլորտում մեծաքանակ միջադեպերի պարագայում այդ ոլորտի բարձրագույն պատասխանատուն հրաժարական է ներկայացնում: Մինչդեռ սա «ապահով» Հայաստանն է, եւ այստեղ բարքերն այլ են:



