Ինչպես տեղեկացրել էինք, օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից մահացած ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահը ցնցել է ոչ միայն նրա հարազատներին, այլև հանրության մի զգալի հատվածին: Նրանք հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ և բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ բանակում արձանագրվող ողբերգական դեպքերի: 

Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցելու համար կառավարության շենքից իջավ Ալեքսանդր Ղազարյանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխարեն: Ինչպես տեղեկացրեց «Առաջին լրատվական»-ի թղթակիցը կառավարության շենքի առջևից, վերոնշյալ փաստը բարկացրեց զոհված զինծառայողների ծնողներին և ակցիայի մասնակիցներին: 

Այս պահին նրանք փորձում են ներս մտնել կառավարության շենք և անձամբ զրուցել վարչապետի հետ, իսկ ոստիկանները հորդորում են վերջիններիս ետ գնալ, թեև դռների մոտ հավաքված մարդիկ պահանջում են, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանն իջնի և պատասխան տա, թե ինչու են հայոց բանակում զինվորներ սպանվում, և ինչու սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին չթույլատրեցին փոխադրել Երևան: Ակցիայի մասնակիցները հարվածում են կառավարության շենքի դռներին: 

Վայրկյաններ առաջ ՀՀ ոստիկանությունը համալրեց կառավարության շենքի մոտ հասարակական կարգը պահպանող ոստիկանների թիվը: Նրանք պատնեշ են կազմել՝ չթույլատրելով ակցիայի կազմակերպիչներին մոտենալ կառավարության շենքին, ավելին՝ պատնեշի որոշակի հատվածներում կան բախումներ: Ակցիայի վայրում է գտնվում նաև փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել