Նոյեմբերյանում կատարվածը մեծ ողբերգություն է` իբրև հուզական բացատրություն: Հանցագործություն է, որը կունենա իրավական մեկնաբանություն: Բայց այս ամենի տակ առավել խոր խնդիրներ ու մեկնաբանություններ կան: Այս խնդիրները վերաբերում են ինչպես սպայակազմին, նրա ինտելեկտուալ պատրաստվածությանը, բանակի հանդեպ ունեցած նրա վերաբերմունքին, մարդկային տեսակներին, այլև` զինվորներին ու հասարակությանը: Փայտը մի ծայր չի ունենում... Հասարակությունը ոտքի է կանգնում ամեն մի հանցագործության ու ողբերգության ժամանակ, բայց այդ հասարակության մի զգալի մասը, եկեք անկեղծ ասենք, բանակի կողքին չէ, բանակի հետ չէ... Ո՞ւմ ենք հաճախ բանակ ճանապարհում, ինչպիսի՞ դաստիարակությամբ պատանիների, ո՞վ ինչպե՞ս է պահում իրեն բանակում, ինչպե՞ս է ուզում «ինքնահաստատվել»... Հայաստանում 3500-ից ավելի հասարակական կազմակերպություն կա, մինչդեռ շատ քչերն են հետաքրքրվում բանակով, քչերն են ապրում բանակի խնդիրներով: Ինչ-որ իրավապաշտպան կազմակերպություններ ոտքի են կանգնում, երբ միայն հանցագործություններ են տեղի ունենում, իսկ ինչու՞ իրենց ստացած գրանտները չեն ծախսում այն բանի վրա, որ բանակում հոգեբանական բացատրությունների դասընթացներ կազմակերպեն, առաջարկեն ՊՆ-ին բանակում ձևավորելու հոգեվերլուծողների ինստիտուտը, ինչի կարիքը շատ զինվորներ ունեն, ինչո՞ւ շաբաթական երկու-երեք անգամ չեն կազմակերպում ուսուցողական-ճանաչողական կինոդիտումներ, ինչո՞ւ չեն գնում հեռավոր սահմանամերձ զորամասերն ու հանդիպումներ ունենում զինվորների հետ... Այդ ամենը կնպաստի այն բանին, որ բանակն իր վրա կզգա հասարակական ուշադրությունը, ավելի զգոն կլինեն հրամանատարները, «ինքնահաստատման» ձգտող մի շարք զինվորներ կգնահատեն ուրիշների և սեփական կյանքերը... Պատրաստ ենք հռետորական-կրքոտ հայտարարություններ անել` բանակը մեր երեխան է, իսկ երբ պետք է խնամք այդ երեխային, մենք սկսում ենք պահանջել ուրիշներից... Պահանջնենք, դատապարտենք, քննադատենք, խնդիր դնենք վերջ տալու ամենաթողությանը, որը կա որոշ զորամասերում, հրամայական դարձնենք մի շարք հղփացած գեներալների և գնդապետների հեռացումը բանակից, պահանջենք, որ հրամանատարներ նշանակվեն մարդկային բարձր արժանիքներով անձեր, բայց բանակին ու մեր զինվորներին մենակ չթողնենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել