Քննադատել ենք բոլոր կառավարություններին իրենց թույլ տված սխալների և անգործունեության համար։ Ես կարծում եմ, որ ցանկացած ողջամիտ և շրջահայաց քաղաքացի պարտավոր է հայտնել իր կարծիքը կառավարության գործունեության մասին՝ կառավարության ուշադրությունը հրավիրելով նրա, մեղմ ասած, բացթողումների վրա։ Թվում էր, թե այս իշխանափոխության հետևանքով վերջապես կարող ենք զերծ մնալ այդ իսկապես տհաճ «պարտականությունից»՝ քննադատությունից, բայց արի ու տես, որ ներկա կառավարությունն իր գործունեությամբ տեղիք է տալիս այն նույն քննադատություններին, որոնք ժամանակին ուղղված են եղել նախկիններին։ Իսկ ինչի՞ համար էին քննադատվում մեր նախկին իշխանությունները, ի՞նչ էինք առաջարկում մենք․
- Հրաժարվել երկրի անվտանգության համար վտանգավոր պայմաններով վարկեր վերցնելուց, որոնք, բնականաբար, յուրացվել են, իսկ պետությունը՝ խրվել ահռելի պարտքերի մեջ,
- Ոչ թե զենք մուրալ Ռուսաստանից, այլ պարզապես գնել։ Այդ երկիրը ցանկացած զենք կտա երկրին, միայն պետք է վճարել,
- Ստեղծել բանակային կարգապահության գաղափարախոսություն՝ բանակի կարգապահությունը հասցնելով կատարելության,
- Բանակի ղեկավար կազմում ընդգրկել իսկական գեներալների,
- Խնայել բյուջեն տարբեր տեսակի ուղևորություններից, որոնք հիմնականում պոպուլիստական բնույթի են, ինչպես նաև տուրիստական կամ անձնական բիզնեսի հետ կապված,
- Պաշտոնների նշանակելիս առաջնորդվել զուտ մասնագիտությամբ, ոչ թե կուսակցական հավատարմությամբ կամ կազմակերպել մրցույթների միջոցով,
- Երեխաների և մեծահասակների բուժումը սահմանել անվճար,
- Խորհրդարանը համալրել մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներով, մասնագետներով՝ տնտեսագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, հոգեբաններ, փիլիսոփաներ, որոնք էլ կլինեն կառավարության պահեստային կադրերը․․․
- Վերահսկել բոլոր ՀԿ-ների և աղանդների գործունեությունը,
- Ստեղծել հակահետախուզական հզոր ցանց,
- Զինել սահմանամերձ շրջանների բնակչությանը,
- Դատական իշխանությունների կազմավորումը իրականացնել ընտրությունների միջոցով,
- Ազգայնացնել տնտեսության այն մասը, որն ապահովում է գերշահույթ՝ բենզին, գազ, հանքարդյունաբերություն և այլն, բյուջեի և բանակի սպառազինության հարցերը արագ լուծելու համար,
- Հարկերը կարգավորել և վերահսկել ամբողջ տնտեսական դաշտը, որի արդյունքում բյուջեն կհատի հինգ միլիարդի սահմանագիծը․․․
- Ստեղծել ազգային խնդիրների հետազոտության հաստատություն՝ ընդգրկելով այնտեղ իսկապես լուրջ մասնագետների, որոնք կարճ ժամանակում կստեղծեն պետության գաղափարախոսությունը, որն էլ կուղղորդի ցանկացած ղեկավարի և՛ քաղաքական, և՛ տնտեսական գործունեությունը․․․
- Ստեղծել մեկը մյուսին հսկող կառույցներ՝ կոռուպցիան նվազագույնի հասցնելու համար,
- Փաստաթղթային ձևակերպումները հասցնել նվազագույնի ձեռներեցների համար և այլն․․․
Այս և չնշված բազմաթիվ խնդիրներ լուծելու համար այնքան աշխատանք է պահանջվում, որ դրանք լուծելու համար օրվա քսանչորս ժամն էլ չի հերիքի, իսկ իրականությունը կարծես այլ կարծիք է հուշում․․․