Զոհված զինվորի՝ Լյուքս Ստեփանյանի ծնողները Սեյրան Օհանյանից պահանջում են պատասխանատվության ենթարկել մարդասպանին: Ծնողները պնդում են, որ սա դիտավորյալ սպանություն է: Նրանք դեռ չեն տեղաշարժվում: 

Գյուղապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Լյուքսը գյուղի լավագույն երիտասարդներից էր: Նա երեք տարի շարունակ սովորել է «Քվանտ» վարժարանում, բարձր առաջադիմությամբ: Այս ընթացքում նա գոհ էր իր զինծառայությունից, և որպես լավագույն զինծառայող պատրաստվում էին պատվոգիր ուղարկել: 

Զոհված զինվորի եղբայրը հարց ուղղեց Սեյրան Օհանյանին՝ դա դիտավորյա՞լ սպանություն է: «Այո, սակայն նախաքննությունը ամեն ինչ ցույց կտա»,- պատասխանեց ՊՆ նախարարը: Նա լրագրողների և զոհվածի հարազատների ներկայությամբ խոստացավ շատ արագ նախաքննություն իրականացնել, մեղավորներին պատժել, որից հետ կհավաքի լրագրողներին և այդ մասին կզեկուցի:

Լյուքսի մայրը Սեյրան Օհանյանին ասաց, որ մինչև մի քանիսի չգնդակահարեք, հարցի լուծում չի լինի:

Ի դեպ, «Առաջին լրատվական»-ը հարց ուղղեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, թե ինչո՞ւ են խոչընդոտում լրագրողի աշխատանքը, և արդյո՞ք նման հրահանգ կա: Մեր հարցին նրանք պատասխանեցին, որ նման որևէ հրահանգ չկա և հրամայում են թույլ տալ լրագրողներին և՛ տեսաձայնագրել, և՛ տեսանկարահանել:

Նշենք, որ երբ մեր թղթակիցը փորձել է նկարել իրավիճակը մայրուղու վրա, նրա ձեռքից խլել են տեսանկարահանող սարքը և ջնջել լրագրողի նկարահանած բոլոր կադրերը, ապա թույլ չեն տվել աշխատել և անցնել ոստիկանական ու պաշտպանության նախարարության աշխատակիցների ձևավորած պատնեշը, որից այն կողմ զինծառայողի ծնողների հետ բանակցում են ոստիկանապետն ու ՊՆ նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել