Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված Լյուքս Ստեփանյանի դին հողին կհանձնեն հայրենի գյուղում` Վերին Գետաշենում: Այդ որոշումը զոհվածի հարազատներն ընդունեցին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ զրույցից հետո: Ծնողների ու հարազատների հետ Վերին Գետաշեն կշարժվեն նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետը: Վլադիմիր Գասպարյանը նախ ցուցումներ է տալիս` Վերին Գետաշենից մինչեւ Աբովյան հասած` զոհված զինվորի հարազատների ու համագյուղացիների մեքենաներն ուղեկցել` անխափան գյուղ հասցնելու նպատակով: Նախարար Օհանյանը հավաստիացրել է նաև, որ իր խոսքից հետ չի կանգնելու: Սեյրան Օհանյանը նշել է, որ նախնական տվյալները վկայում են հետևյալի մասին. «Միջանձնային հարաբերությունների խախտման պատճառով առաջացած վեճի արդյունքում զենք է օգտանգործվել, և նախնական տվյալներով դիտավորյալ սպանություն է եղել»: Սպանվածի ծնողների հետ հանդիպման վայրում է նաեւ Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: Այսօր՝ 18.05.2013թ, որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել