«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Անկախ Հայաստանի ամենահայտնի և սիրված լրագրողներից մեկը վերջերս ինձ հետ զրույցում մի միտք հայտնեց, որն առնչվում է ոչ միայն մեր բնագավառին: Ըստ նրա՝ այն լրագրողը, որն աշխատում է միայն աշխատավարձի համար և իր գործը սահմանափակում աշխատանքային ժա­մերով ու պարտականությունների շրջանակով, չի կարող լավ լրագրող լինել: Ասենք, եթե նրա աշ­խատանքային ժամն ավարտվում է 18.00-ին, բայց նա 18.05-ին ինչ-որ բան է իմանում ու չի ուզում նյութի վրա աշխատել, չի հրապարակում իր իմացածը՝ պատճառաբանելով, որ նա վճարվում է միայն մինչև ժամը 18.00-ն, այդ լրագրողն իսկական պրոֆեսիոնալ չէ:


Լրագրողն այն մարդն է, որը վառվում է պատ­մություն փնտրելու և տեղեկատվություն հայտնելու ցանկությունից: Եթե չկա այդ անդիմադրելի ձգ­տումը, ապա չկա նաև լրագրող՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ անձնավորությունը կա­րող է ունենալ լրագրության բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմներ:

Մեզանից շատե­րը (այդ թվում՝ նաև ես) նման դիպլոմներ չու­նենք, և դա մեզ ամենևին չի խանգարում: 

Դժ­վար է պատկերացնել առանց դիպլոմի փաստա­բանի կամ առավել ևս բժշկի: Դրանում է մեր և այլ մասնագիտությունների հսկայական տարբե­րությունը:

Բայց բոլոր մասնագիտությունների մեջ կա նաև նմանություն: Պատկերացրեք բժշկի դիպլոմով եր­կու մարդկանց, որոնցից մեկը լսում է հիվանդին, դեղեր է դուրս գրում (գուցեև դասագրքային իմաս­տով՝ ճիշտ) և հաջորդ իսկ պահին մոռանում է հիվանդի մասին: Իսկ մյուսը փորձում է հասկանալ ոչ միայն հիվանդության պատճառները, այլև հի­վանդի հոգեբանությունը, նրա սուբյեկտիվ զգացո­ղությունները, մշտական կապ է պահպանում նրա հետ: Ո՞վ է ավելի պրոֆեսիոնալ բժիշկ, ում մոտ ավելի մեծ հաճույքով կգնան հիվանդները: Կար­ծում եմ՝ այդ հարցի պատասխանը պարզ է:


Նույնը կարելի է ասել ուսուցչի մասին, որի մտ­քերն ու ձգտումները չեն սահմանափակվում դա­սի 45 րոպեով և տարեցտարի նույն բառերն ու ձևակերպումները կրկնելով: (Ի դեպ, իմ տարիքի ցանկացած մասնագիտության մարդ չպիտի ժա­մանակ խնայի երիտասարդներին իրենց փորձն ու գիտելիքները անշահախնդրորեն փոխանցելու հա­մար: Իհարկե, եթե երիտասարդները նման ցանկություն են հայտնում): Նույն՝ «շրջանակից դուրս գալու» սկզբունքը վերաբերում է փաստաբանին, շինարարին, գյուղատնտեսին, դերասանին՝ բոլո­րին:

Ուզում եմ ասել՝ պրոֆեսիոնալիզմը ոչ միայն գի­տելիքներն են ու հմտությունները: Դա նաև վերա­բերմունք է սեփական գործի, մարդկանց, հասա­րակության հանդեպ: Նման պրոֆեսիոնալների կարիքն այսօր շատ է զգացվում»:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել