Այս պահին փակ է Երեւան-Սեւան մայրուղին: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ Սեւանի մայրուղու ՃՈ պոստի մոտ կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող մեքենաները եւ լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ դեպքի վայրին: 
ՃՈ պոստից այն կողմ զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիներն են, որոնք մտադիր էին զոհվածի դիակը բերել Երեւան, ի նշան բողոքի: Նրանց ճանապարհը փակել են բանակն ու ոստիկանությունը: 
Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա եւ նրանցից խլել տեսանկարահանող սարքերը, մասնավորապես՝ մեր թղթակից Սիրանույշ Պապյանից եւ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբից: Լրագրողներին արգելում են նկարահանումներ անել: Նրանց ասել են, որ հրամանը վերեւից է՝ չեն թողնում նկարել, որ «թուրքը չտեսնի, ուրախանա»: 
Դեպքի վայրում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, այլ բարձրաստիճան իրավապահներ: 
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանը զոհվել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անզգույշ կրակոցից: Ծնողները չեն հավատում այս վարկածին եւ համարում են, որ գործը ուզում են կոծկել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել