
Օրերս Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։
Tert.am–ի հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատները, մասնավորապես, նշեցին, որ իրենց զայրույթի առիթն այն է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ իրենց որդին նշված միջադեպում մեղք չի ունեցել։
Նրանք արդեն դուրս են եկել Մարտունուց և շարժվում են դեպի Երևան։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում՝ մայիսի 15-ին: Ժամկետային զինծառայող Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը զորամասի ծխարանում կրակ էր բացել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը զոհվել էր:
Դավիթ Խաչատրյանի կրակոցներից ծանր վիրավորվել էր նաև ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հ. Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ժամը 20-ին՝ Երևանի զինվորական հոսպիտալ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել էր քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: Դ.Խաչատրյանը ձերբակալվել էր: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք նաև, որ այս միջադեպից հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 15-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որով ՀՀ պաշտպանության նախարարին կոչ էր արվում Ազգային ժողովում հանդես գալ Զինված ուժերում մահացության դեպքերի տարեկան հաշվետվությամբ։
11:26
Գալիս եմ, էրեխուս տամ Սեյրանին. զոհված զինվորի հայր
Tert.am-ի հետ զրույցում զոհվածի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, ասաց. «Գանք, Սեյրան Օհանյանին տանք մեր էրեխուն, ես էլ գնալու եմ հանձնվեմ Ադրբեջանին»:
Զոհվածի հայրն ասաց, որ իր այդ քայլի նպատակը որդու սպանության բացահայտումն է:
«Ես ոչ մի տեղեկություն չունեմ իմ էրեխու հետ ինչ ա պատահել, ոչ մեկ չի ասում, ինձ շատ տարբեր բաներ են ասում. «չաստում» ինձ մի բան են պատմել, Ճանապարհին ՝ ուրիշ բան, գյուղում՝ ուրիշ բան»,- ասաց Աշխարհիկ Ստեփանյանը, ով մեզ հետ զրույցի պահին Սևան տանող ճանապարհին էր:
Ի պատասխան հարցի, թե չե՞ն փորձում իրեն խոչընդոտել, Աշխարհիկ Ստեփանյանն ասաց, որ գյուղից դուրս գալուց հետո փորձել են կանգնեցնել:
«Կանգնացրեցին, ես չկայնա, հայհոյեց մի պահ ոնց որ, ես անցա»,- ասաց զոհվածի հայրը:
Նա նաև ավելացրեց, որ Գեղարքունիքի մարզի ոստիկանության պետը կամ տեղակալը (հայրը շատ հուզված էր խոսում, և բառերը որոշ պահերի հստակ չէին լսվում) փորձել է իրեն հետ կանգնացնել այդ քայլից:
«Ինքը գնում գալիս էր, ես իրան շատ լավ ընդունեցի իմ տան մեջը, բայց ինձ ոչ ոք չի կարող հետ պահել, ցավդ տանեմ»,- ասաց նա։
Մեր տեղեկություններով՝ կրակել են Լյուքս Ստեփանյանի ծոծրակին և գնդակը դուրս է եկել դեմքից:
12.49
Սևան–Երևան ավտոճանապարհը վերածվել է «ռազմական գոտու», այնտեղ է ուղևորվում պաշտպանության նախարարը
Մարտունուց մինչև Սևան ճանապարհահատվածում վեց–յոթ տեղ փորձել են խոչընդոտել զոհված զինվորին Երևան բերող մոտ 50 մարտունեցիներից բաղկացած ավտոշարասյունը, սակայն նրանք կանգ չեն առնում և վնասելով մեքենաները՝ անցնում են առաջ:
Կանգնեցնողները Ռազմական ոստիկանության մեքենաներ են, ինչի արդյունքում ամբողջովին խցանված է Սևանի մայրուղին:
Խցանման մեջ ընկած ավտովարորդները, տեղեկանալով պատճառի մասին, ևս իրենց աջակցությունն են հայտնում զոհվածի հորն ու մարտունեցիներին:
Այս մասին Tert.am –ին հայտնեց Լյուքս Ստեփանյանի հարազատներից մեկը՝ նշելով, որ փորձել են ավտոճանապարհին կանգնեցնել նաև հոգևորականի և խաղաղ պայմաններում զոհվածների հասարակական կազմակերպություններից մեկի կին նախագահին:
Սևանի մայրուղի է ուղևորվում Պաշտպանության նախարարը, այս մասին Tert.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Այս պահին զինվորի դին երևան տեղափոխողող թափորը Սևան-Երևան ավտոճանապարհի վրա է, սակայն ճանապարհը փակել է պանելատար ավտոմեքենան: Այստեղ են բերվել սև դիմակներով հատուկ նշանակության ջոկատ։
13.06
Քիչ առաջ միջադեպի վայրից Tert.am—ին տեղեկացրեցին, որ այնտեղ է արդեն հասել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
13.12
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Վերին Գետաշենի գյուղապետարանի աշխատողներից մեկը Tert.am—ին ասաց, որ եթե համապատասխան մարմինները ճիշտ ներկայացնեն, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը, ապա իրենք կվերադառնան Մարտունի։ Նրա փոխանցմամբ՝ զոհված զինվորի մոր ինքնազգացողությունը վատացել է և, այս պահին նրան բուժօգնություն է ցուցաբերվում։
13.29
Քիչ առաջ Գլխավոր դատախազությունը Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում այսօր որոշում է կայացրել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Բացի դրանից, որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
13.31