«Սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ». ՊՆ մամուլի խոսնակը՝ սպանված զինվորի հարազատների հետ կապված միջադեպի մասինՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ` հանդիպելու նրանց հետ: Հիշեցնենք, երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի՝ որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։ Արդյունքում՝ Երևան-Մարտունի մայրուղու վրա լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ-ի աշխատակիցները թույլ չեն տվել զինվորի դին տեղափոխել Երևան: Օգտատերերից մեկի այն մեկնաբանությանը, որ Սեյրան Օհանյանը հաջորդ քայլով պետք է զորամասի հրամանարատությանը պատժի, քանի որ անգամ չեն ցավակցել զինվորի հարազատներին, Ա. Հովհաննիսյանը պատասխանել է, որ փոքր-ինչ սխալ է մեկնաբանված. «Զորամասի հրամանատարի երեք տեղակալները եղել են այնտեղ, ցավակցել են, գումար են տվել, որը պարտավոր էին տալ: Սակայն ինչպես հասկանում ենք, սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ»։ Արծրուն Հովհաննիսյանը նաև նշել է, թե անիմաստ լուրեր են տարածել, որ ժամապահը արտոնյալ է, չի պատժվելու և այլն. «Սակայն կեղծ է, այս Երևան բերելը ու օպերատիվ տեղեկություններ փոխանցելը լրիվ հստակ կազմակերպված է: Մինչդեռ նախնական տվյալները ցույց են տալիս, որ սպանվածը ինքն է հրահրել դեպքը, ժամապահին հայհոյանք տվել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել