(հոգեբանի խորհուրդները)

Լինել ուշադրության կենտրոնում` այնքան էլ հեշտ խնդիր չէ, և ամեն մեկը չէ, որ կկարողանա արժանավայել լուծել այդ խնդիրը: Սակայն կարողանալ հայացքները դեպի քեզ ձգել և որ կարևորն է, ողջ երեկո պահել դրանք, ոչ միայն յուրահատուկ պահվածք է, այլև նպատակներին հասնելու, կյանքից բավականություն ստանալու մի ձև է:
Ինչպե՞ս դառնալ հավաքույթի սիրտն ու հոգին` սա ոչ միայն վարքային, այլև հոգեբանական խնդիր է...

Շփվելու հեշտությունը
Դառնալ հավաքույթի սիրտն ու հոգին չի նշանակում հագնել երբեք չտրտմող զվարճաբանի դիմակ: Ընդհակառակը, դա նշանակում է կենտրոն, հիմնական միտք ու բովանդակություն: Այսինքն՝ հավաքույթի հոգին առաջնորդն է, արժեքավոր է դարձնում միասին անցկացրած ժամանակը, ուշադրությամբ է շրջապատում յուրաքանչյուրին, ստեղծում է հեշտ ու հարմարավետ շփման մթնոլորտ:
Կյանքում հաջողության հասնելու համար բոլորովին պարտադիր չէ լինել ձգողականության կենտրոն: Շատերը գիտակցաբար խույս են տալիս ակտիվ շփումներից՝ մնալով փակ շրջապատողների համար և իրենց լավ են զգում միայնության մեջ:

Մելանխոլիկ կամ ֆլեգմատիկ խառնվածքով մարդիկ հազիվ թե առաջնորդի դեր զբաղեցնեն, և ընդհանրապես, որպես կանոն այդպիսի ցանկություն էլ չունեն: Սակայն կարողանալ ընդհանուր լեզու գտնել շրջապատողների, անծանոթների հետ, ունենալ զրույց վարելու ունակություն, միևնույն ժամանակ թողնել լավ տպավորություն, հասկանալ զրուցակցին` մի հմտություն է, որը կյանքում չի խանգարի ոչ մեկին: Այս ամենը ձեռք բերելու համար պահանջվում են հոգեբանների կողմից հանձնարարվող որոշակի ջանքեր ու վարժություններ:

Կանոն Առաջին: Փոխել ինքն իրեն: Իհարկե, պետք է սկսես ինքդ քեզանից: Եթե քեզ չեն հասկանում, լեզու չես գտնում շրջապատի հետ, դա դեռ չի նշանակում, որ շրջապատն է անհաջող, այլ խոսում է քո անձնական խնդիրների ու կաշկանդվածության մասին: Ուստի առաջին պայմանն է` թուլացիր, հանգստացիր: Միառժամանակ մոռացիր չկատարված պարտականությունները, չստորագրված թղթերը, չլուծված հարցերը: Յուրաքանչյուր հավաքույթ առաջին հերթին հանգիստ է, այնպես որ աշխատեք հանգստանալ և հաճույք ստանալ:

Կանոն երկրորդ: Հաղթահարել ամաչկոտությունը: Ստիպեք ձեզ հավաքույթի ժամանակ մոտենալ անծանոթ մարդկանց, գտնել զրույցի ընդհանուր թեմա (թեկուզ եղանակի մասին, ոչինչ, կարևորը սկսելն է): Չարժե զրույցի ժամանակ շոշափել այնպիսի վիճելի հարցեր, որոնց մասին յուրաքանչյուրը կարող է ունենալ իր սկզբունքային կարծիքը, օրինակ` քաղաքականություն, կրոն, ազգամիջյան հարցեր:

Եվ վերջապես 

Կանոն երրորդ: Պետք է ուրախանալ, եթե անգամ այնքան էլ ուրախ չեք: Առաջին հերթին կասկածելի է, թե կարելի է բավականություն ստանալ ողջ երեկո սենյակի անկյունում ձանձրանալով, որի համար չարժեր դուրս գալ տանից հավաքույթի համար: Եվ բացի այդ տգեղ է, երբ զրուցակիցդ ինչ-որ ծիծաղելի բան է պատմում, իսկ դու նրան նայում ես լուրջ ու անժպիտ հայացքով: Ժպիտն ու ծիծաղը մարդկանց հետ շփվելու ամենալավ միջոցն են և ապահովում են ընդհանուր լավ տրամադրությունը:

Անհրաժեշտ պահուստ: Սակայն միայն ժպիտը բավարար չէ հավաքույթի սիրտն ու հոգին դառնալու համար: Հարկավոր է ինչ-որ բան ունենալ պահուստում, որպեսզի կարողանաս արձագանքել զրուցակցիդ խոսքին, շարունակես զրույցն ու նկատվես որպես ինտելեկտուալ, ազատ և ուրախ մարդ: Որպես կանոն` ամենագործող տարբերակներից են տեղին ու ժամանակին ասված աֆորիզմ կամ մեջբերում, որը կաշխուժացնի զրույցը՝ այն դարձնելով ավելի վառ, հագեցած և էմոցիոնալ:

Գիտելիքներ, իմացություններ: Եթե գլուխ չեք հանում ֆիզիկայի բարդ բաժիններից, հոգ չէ` ինտերնետը, թերթերն ու գրքերը ձեզ կզինեն տարբեր ոլորտների համապատասխան գիտելիքներով, որոնք հաջողությամբ կարող են գործածվել զրույցի ժամանակ: Սեփական տաղանդը: Պետք չէ վախենալ, օրինակ, երգելուց, եթե իհարկե դուք ունեք երաժշտական լսողություն, կատարողական տվյալներ:

Անեկդոտներ: Հումորի այս տարբերակը վատը չէ, միայն կարևոր է, որ այն չլինի անբարեհունչ կամ չդառնա ակնարկ ներկաներից որևէ մեկի թերության ընդգծմանը:

Վերջին լուրեր: Այս պարագայում տեղին կլինեն ոչ միայն քաղաքական կամ տնտեսական իրադարձություները, այլև ցուցահանդեսները, թատերական առաջնախաղերը և ընդհանրապես այն, ինչը կարող է հետաքրքրել տվյալ շրջապատին: Կարևոր են նաև զրուցակցի համակրանքը գրավելու համար նրա ժեստերը, միմիկան, ընդունած դիրքը դիտարկելու հմտությունը:

Իսկ ամենագլխավորը` մի կեղծեք ձեզ: Աշխատեք լինել ազատ ու անկեղծ մարդ, որը սիրով պատրաստ է լսել զրուցակցին, ապրումակցել նրան և կիսվել շրջապատի հետ լավատեսությամբ ու դրական հույզերով:

Լուսինե Ավետիսյան
amsagir.am

ԿԱՐԴԱ ԱՎԵԼԻՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել