«Ութսունական թվականների շարժումներն էին. Վազգեն Վեհափառը երկրորդ անգամ հանդես եկավ ելույթով և ահազանգ հնչեցրեց շարժման ղեկավարներին, մեր ժողովրդին, որ սխալ ընթացքով են առաջնորդվում: Եվ ասաց՝ հայրենիքը սկուտեղի վրա մատուցում եք թշնամուն: Այդ արտահայտությունը չընկալվեց ո՛չ շարժման ղեկավարության, ո՛չ ժողովրղի կողմից: Եվ Հայոց Հայրապետի նկարները փողոցում նետված տեսանք, մարդիկ քայլում էին դրանց վրայով և ամեն տեսակի արտահայտություններ թույլ տալիս:

Երբ երեկոյան հանդիպեցինք Հայոց Հայրապետին, ասացինք՝ Վեհափառ, ժողովուրդը այս պահին, այս զգացմունքայնության մեջ առողջ, բանական խոսք ընկալելու ունակ չէ: Վեհափառը մի պատասխան տվեց, որը հպարտությամբ լցրեց իմ հոգին: Ասաց՝ ես չեմ կարող հուզական ալիքի վրա էժան հեղինակություն վաստակել: Եթե տեսնում եմ, որ իմ ժողովուրդը գնում է դեպի գահավիժում, պատրաստ եմ ձեռքերս տարածած՝ կանգնել նրա առաջ: Եվ եթե չեմ կարող փրկել գահավիժումից, թող իմ վրայով անցնեն, տրորեն ինձ և գնան:

Պատասխանատվության այս զգացումով ենք առաջնորդվում մեր կյանքում: Հնարավոր է՝ մարդիկ այդպես չգնահատեն իմ գործունեությունը: Այդ գիտակցությամբ, այդ ոգով գործել եմ և պիտի գործեմ»:

Գարեգին Բ Կաթողիկոս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել