«Ոչ, ոչ, իմ բարեկամ, մի մտածեք այլևս դրա մասին: Այն, ինչ ուզում եք ինձանից, զայրացնում է ինձ, ստիպում է ինձ խորշել:
Կարելի է կարծել, որ Աստված (չէ ՞որ ես հավատում եմ նրան) ցանկացավ այն ամեն բարուն, որը ստեղծել է, խառնել մի քիչ այլանդակություն: Նա տվեց մեզ սեր, հրաշալին, ամենալավը, ինչ կա աշխարհում, բայց գտավ, որ այն չափազանց գեղեցիկ ու մաքուր է մեզ համար և ստեղծեց զգացականությունը, ցանկասիրությունը, և այդ հնարանքը, կարծես թե ծաղրի համար, նա կապեց մեր մարմնի բոլոր անմաքուրի հետ... անելով այնպես, որ մենք չենք կարող մտածել այդ մասին առանց կարմրելու, չենք կարող խոսել այդ մասին բացառապես առանց շշուկի: Ցանկասիրության դրսևորումները զզվելի են, ամոթալի: Դրանք թաքցնում են, քանզի նրանք խռովում են հոգին, վիրավորում հայացքը, դրանք դատապարտված են բարոյականությամբ, պատժվում են օրենքով, և մարդիկ տրվում են կրքին մթության մեջ, ասես հանցագործություն կատարելիս լինեն:
Երբեք մի խնդրեք այդ մասին ինձ, երբեք...
Չգիտեմ էլ՝ սիրո՞ւմ եմ ձեզ ես... Պարզապես ձեզ հետ ինձ լավ եմ զգում, ձեր հայացքն ինձ հաճելի է, ձեր ձայնը շոյում է իմ լսողությունը: Բայց, եթե օգտվելով իմ թուլությունից դուք կհասնեք նրան, ինչ ուզում եք, դուք անմիջապես կդառնաք ինձ ատելի: Կպոկվեն մեզ կապող անտեսանելի կապերը, և մեզ կբաժանի աղաղակող անպատվության անդունդը:
Թող մեր հարաբերությունները մնան նախկինի պես: Եվ...սիրեք ինձ, եթե ուզում եք, ես թույլ եմ տալիս...
Ձեր բարեկամ՝ GENEVIÈVE»:
«Տիկին, թույլ տվեք ես էլ իմ հերթին Ձեզ հետ շիտակ խոսեմ, առանց սիրալիրության ու ակնարկների, մի խոսքով, այնպես, ինչպես կխոսեի ընկերոջս հետ, որն ընդմիշտ որոշել է հեռանալ մենաստան:
Ես նույնպես չգիտեմ՝ սիրո՞ւմ եմ Ձեզ արդյոք: Ճիշտն ասած ես դա հասկացա միայն այն բանից հետո, որն այնպես վրդովում է Ձեզ...
Հիշո՞ւմ եք Մյուսսեի բանաստեղծությունը.
Musset
Je me souviens encor de ces spasmes terribles,
De ces baisers muets, de ces muscles ardents,
De cet être absorbé, blême et serrant les dents.
Sils ne sont pas divins, ces moment sont horribles.
Հրաշալի՞ է պահը այս, թե՞ սարսափելի:
Կարող եմ մոռանալ ես
Այս ջղակծկումն ու հառաչները,
Համր համբույրներն ու հարձակումը կոպիտ կրքի....
Մենք՝ տղամարդիկս, նույնպես ունենում ենք հաճախ գարշանքի և անհաղթահարելի նողկանքի զգացողություն, երբ տարված հզոր բնազդի պոռթկմամբ, ցածրանում ենք, իջնում՝ օգտվելով պատահական կապերից...
Սակայն երբ կինը մեր ընտրյալն է, միշտ լի անդիմադրելի հմայքով, գրավչությամբ, հրապուրում է, ինչպես Դուք եք հիմա ինձ հրապուրում, ապա տիրանալը դառնում է անսահման երջանկություն, առավել այրող, ամբողջական...
Գգվանքները, փաղաքշանքները, տիկին, սիրո քննություն են... Եթե գրկախառնությունից հետո հանգչում է մեր կրակը, նշանակում է մենք խաբվել ենք, իսկ եթե աճում է, ուրեմն սիրում ենք միմյանց:
Մի փիլիսոփա, որը չէր ընդունում այս տեսությունը, նախզգուշացնում էր բնության կողմից լարած թակարդի մասին: Բնությանը հարկավոր են կենդանի էակներ՝ասում էր նա, և որպեսզի մեզ ստիպի ստեղծել նրանց, նա թակարդի մեջ դնում է կրկնակի խայծ՝ սեր և ցանկասիրություն, և հենց մենք բռնվում ենք... Երբ անցնում է րոպեական արբեցումը, անսահման տխրություն է տիրում մեզ, քանզի մենք հասկանում ենք, թե որքան խորամանկորեն խաբեցին մեզ, մենք տեսնում ենք, զգում թաքնված, գաղտնի պատճառները, որոնք հակառակ մեր կամքին՝ դրդեցին ընկնել այդ ծուղակը:
Այդպես լինում է հաճախ, շատ հաճախ: Եվ այդ ժամանակ մենք վեր ենք կենում նողկանքով... Բնությունը հաղթեց մեզ...
Այո, ես գիտեմ, սառը և թեկուզ ոչ խելահեղ համբույրն անծանոթ շուրթերի, սևեռուն և ջերմ հայացքն աչքերի, որոնք ես նախկինում չեմ տեսել ու չեմ տեսնի երբեք... Ես գիտեմ և բոլոր մնացած բաները, որոնց մասին չեմ կարող գրել Ձեզ ...որոնք թողնում են հոգու մեջ ցավ ու տառապանք...
Բայց երբ սեր կոչվող կրքի ամպը պարուրում է երկու էակներին, և նրանք երկար ժամանակ և մշտապես մտածում են միմյանց մասին, երբ բաժանման ժամանակ էլ հիշողությունը շարունակում է արթուն մնալ, և գիշեր ու ցերեկ նրա մեջ անդադար հայտնվում են դիմագծեր, ժպիտ, ձայնի հնչյուններ, երբ բոլոր մտքերին տիրում է մեկը՝ բացակայող և միաժամանակ աննահանջ քո դեմ կանգնած պատկերը, մի՞թե բնական չէ, որ բացվեն գրկերը...հպվեն շուրթերն, ու ձուլվեն մարմինները...
Միթե Դուք երբեք չե՞ք զգացել համբույրի ծարավ... Ասացեք՝ մի՞թե շուրթերը չեն փափագում շուրթերին, մի՞թե սիրտ թափանցող ջինջ հայացքը չի արթնացնի արյանդ մեջ անհաղթահարելի, կրքոտ ցանկություն...
Դա ծուղակ է, ստոր ծուղակ, կասեք Դուք: Ես գիտեմ դա: Ես պատրաստ եմ ընկնելու նրա մեջ: Ես ուրախ եմ դրա համար: Բնությունը սովորեցրել է մեզ փաղաքշել, որպեսզի թաքցնի իր խորամանկությունը և անկախ մեր կամքից դրդի մեզ սերունդ տալու... Դե, ուրեմն եկեք առևանգենք նրանից ցանկասիրությունը, տարփանքը, յուրացնենք, վերափոխենք, դարձնենք ավելի նրբագեղ, կատարյալ, եթե ուզում եք: Խաբենք մեր հերթին այդ խորամանկ բնությանը: Անենք ավելին, քան նա է ուզում, ավելին, քան նա կարող էր կամ կհամարձակվեր մեզ սովորեցնել:
Եվ այսպիսով, քանի որ միտքը ամեն ինչ կարող է պոետիկորեն անել, պոետիկանացնենք նաև ցանկասիրությունը, տիկին, նույնիսկ նրա ամենակոպիտ դրսևորումները, նրա ամենատգեղ ձևերը, ամենահրեշավոր մտադրությունները...
Սիրենք ցանկասիրությունը, ինչպես արբեցնող գինին, ինչպես հասուն պտուղը... սիրենք մարմինը, որովհետև նա գեղեցիկ է, սպիտակ ու պիրկ, կլորավուն և նուրբ, քաղցր ՝ձեռքերի ու շուրթերի համար...
...Երբ արվեստագետները փնտրում էին ամենանուրբ, ամենամաքուր ձևերը ... նրանք ընտրեցին կանացի կուրծքը որպես կատարելություն...
Մի գիտական աշխատության մեջ, բժշկական բառարանում ես կարդացել եմ կանացի կրծքի սահմանումը. «Կանացի կուրծքը կարելի է դիտարկել մի ինչ-որ բան, որը միաժամանակ բերում է և օգուտ և հաճույք»: Եթե դեմ չենք, նետենք «օգուտն» ու թողնենք հաճույքը: Մի՞թե կուրծքը կունենար այդ հիասքանչ ձևը, որը փաղաքշելու անդիմադրելի ցանկություն է առաջացնում, եթե նախատեսված լիներ միայն երեխայի կերակրման համար:
Օ՜, տիկին, թող բարոյախոսները ամոթխածություն քարոզեն, իսկ բժիշկները՝ զգուշություն, թող բանաստեղծները, միշտ իրենք իրենց խաբող այդ ստախոսները, թող երգեն անսահման երջանկության ու մաքուր հոգիների միաձուլման մասին, թող տգեղ կանայք հիշեն իրենց պարտքի մասին, իսկ դատող մարդիկ՝ իրենց անօգուտ գործերի մասին, թող տեսաբանները մնան իրենց տեսությամբ, իսկ քահանաները՝ իրենց պատվիրաններով, իսկ մենք կսիրենք ցանկասիրությունը, որը արբեցնում է, խենթացնում, հասցնում ուժասպառության ու նորից հարուցանում... Այն քնքուշ է ամեն անուշահոտությունից, թեթև՝ զեփյուռից...սուր է ցավից...անհագ է...ստիպում է աղոթել...կատարել հանցանքներ ու սխրանքներ ...
Ուզո՞ւմ եք, տիկին, կասեմ Ձեզ մի ճշմարտություն:
Երջանիկ են միայն այն կանայք, որոնց հաճախ են փաղաքշում: Նրանք ապրում են անհոգ՝ չունենալով տանջալից մտքեր, չունենալով ուրիշ ցանկություններ, բացի նոր համբույրի ցանկությունից, նույնքան քաղցր ու ծարավը հագեցնող, ինչպես նախորդն էր:
Կանայք, որոնց քիչ են փաղաքշում, անվարժ կամ հազվադեպ, ապրում են տանջված, հազարավոր խղճուկ հոգսերից, փառասիրությամբ, դրամի ծարավով, ամեն պատահականությամբ, որոնք առաջացնում են այդքան վիշտ:
Բայց կանայք,որոնք հագեցած են փաղաքշանքներից ,ոչ մի բանի կարիք չունեն,ոչինչ չեն ցանկանում,ոչ մի բանի համար չեն զղջում :Նրանք անրջում են,հանգիստ ժպտալով ,հազիվ անդրադառնում այն բանին ,ինչը մեկ ուրիշի համար անուղղելի դժբախտություն կհամարվեր ,քանզի ցանկասիրությունը փոխարինում է նրանց ամեն բան ,բուժում է ամեն ինչից, մխիթարում է ամեն ինչում:
Դեռ որքան ասելիք ունեի:
Անրի »
Գի դը Մոպասան. «LES CARESSES»....«Փաղաքշանք»
Համարձակվեցի « մի թեթև» կրճատումներով թարգմանել.....ստացվեց երևի ..)))) հա՞ ))) իսկ սխալներ (որոնք անշուշտ կլինեն) ուղղելու համար չափազանց հոգնած եմ...)))) Ներեցեք )))
Նյութի աղբյուր՝ http://lili-mardastco.blogspot.com/2013/05/les-caresses.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել