Armtimes.com-ը գրում է.

Թուրքիայի խորհրդարանում քաշքշուկ է տեղի ունեցել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունների պատգամավորների միջև։

Ըստ Ermenihaber-ի, լարվածությունը ծագել է այն բանից, որ քրդամետ կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ահմեթ Շըքը իշխող կուսակցությանը մեղադրել է ապօրինաբար իշխանությունը զավթելու մեջ։

«Ճշմարիտ խոսողների դեմ դուք ձեր անկարողությունը արտահայտում եք ագրեսիվությամբ։ Ձեր անբարոյականությունը...»,-ասել է Շըքը։

Այս խոսքերից հետո դեպի քրդամետ պատգամավորն են շարժվել իշխող կուսակցության պատգամավորները։ Վերջիններս փորձել են խանգարել Շըքին՝ խոսքը ավարտին հասցնելու։

Դրանից հետո սկսվել է քաշքշուկ։

Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Մուստաֆա Շենթոֆը ստիպված է եղել 5 րոպեանոց ընդմիջում հայտարարել։

Տեղի ունեցածից հետո քրդամետ պատգամավորը պատժվել է։ Նա Թուրքիայի խորհրդարանի առաջիկա 2 նիստին մասնակցելու իրավունքից զրկվել է:

Որպես բողոքի նշան՝ քրդամետ կուսակցության մի քանի պատգամավորներ լքել են մեջլիսի դահլիճը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել