Բակում եղած տղերքից մեկը֊երկուսը հազիվ քսանն անց լինեին։ Իրար գլխի հավաքված ինչ֊որ բան էի քննարկում․ ամեն մեկը մի բան էր ասում, մեկ համաձայնվում էին, մեկ բարկացած իրար վրա գոռում։
Շենքի լավ տղերքը ժողովի էին․ պետք էր որոշել՝ Արմոյի սիրածին Վալենտինի համար ինչ նվեր են առնում։ Վարդագույնի ու բանտիկավորի ցուցակում առաջին տեղը զբաղեցնում էին ծաղիկները, որոնց հաջորդում էր օծանելիքը, կոնֆետներն ու փափուկ արջուկը։

-֊Ապե, բա ասենք դուխին ո՞վ ա տանելու, - ֊հարցրեց տղերքից մեկը,֊ - ծաղիկ առ պրծի էլի, դաստավկայով բանով, խախանդ կհասնի, թե չէ մի հատ էլ պետք ա որոշենք՝ որ մեկս ա հոր դռբի տակ ընգնելու։

֊-Արա դե ծաղիկ խոսքի մեր կուրսի Համազասպն էլ կարա առնի,֊- մեջ ընկավ մյուսը,֊ - ախպեր, ինձ լսի, դուխի առ, հաստատ ամեն անգամ ցանելուց քեզ կհիշի։

Կես ժամ էսպես ամեն մեկն իրենը պնդելուց հետո վերջապես որոշեցին երկուսն էլ առնել, օծանելիքն էլ ծաղիկների հետ առաքել։

Օրվա գլխավոր թեման փակելուց հետո անցան բակով անցնող աղջիկների հետույքներին նայելու կարեւորագույն գործին։ Մի քանի հետույք անց փողոցից դեպի բակ տանող նեղ ճանապարհին հեծանիվ երեւաց։ Տղերքը աքլորների պես ձգվեցին, խառնվեցին իրար։
Հեծանվին փոքր երեխա էր, կոշիկները հազիվ էին հասնում ոտնակներին։ Կամ պայուսակն էր պատճառը, կամ հեծանվի անհամեմատելի մեծ լինելը, երեխան քշելուց կորցրեց հավասարակշռությունը, չկարողացավ արգելակել ու հեծանվի հետ ցած ընկավ։

Տղերքից մի փոքր էր հեռու։ Մինչ երեխան ուշքի կգար, տղերքը սկսեցին հռհռալ։

֊- Արա, որ քշել չգիտես, ի՞նչ ես քո երկու բոյի հեծոյին թառել,- գոռաց տղերքից մեկը։

Երեխան հատակին ծնկի եկած արմունկն էր մաքրում։ Տղերքը շարունակում էին ձեռ առնել։

֊-Էդ սումկիդ մեջ որ մի քիչ քիչ տետր, գրիչ դնեիր, կարող ա չընգնեիր, այ գիտունիկ։

Պայուսակը բացվել էր, իրերը դես ու դեն էին ընկել։ Երեխան՝ թեւը արյունոտ, տաբատը պատռված, շուռ եկավ ու սկսեց իրերը հավաքել։
Մեջքանց դեպի տղերքը, գլուխը կախ, հռհռոցների ու վիրավորանքների ուղեկցությամբ։

Արմոն, որ ինքն իրենից շատ գոհ էր, քանի որ վերջապես որոշել էր, թե ինչ է սիրածին նվիրելու, որոշեց տղերքի մոտ իրեն ցույց տալ։ Ամեն երեկո բակի նման հավաքներից հետո հենց էդտեղ գարեջուր էին խմում ու բլոտ խաղում։ Հատակին կոտրված շշերից մնացած ապակիներ կային։ Աչքն ընկավ ապակուն, ու շատ քիչ ժամանակ պետք եկավ կռանալ, վերցնելու համար, եւ մի քանի ակնթարթ անց դեպի երեխան կանաչ ապակու կտոր էր սլանում։

(Ինչ֊-որ ապրումներ, ժամանակ, մտքեր։ Պաուզա)

Հիմա տղերքն ու երեխան տարբեր կողմերում են։ Ժամանակը կանգ է առել։ Նրանց միջեւ պատ կա։ Պատը նոր չի շարվել, պատը միշտ էլ կար։ Պատը երեխային պաշտպանում էր տղերքի հռհռոցից, խոսքերից, հայացքներից։ Տղերքը չգիտեն, որ իրենց ոչ ոք չի տեսնում։ Որ իրենք երեխայի համար ու երեխայի աշխարհում չկան։

Երեխան բաժանվում է տղերքից, որովհետեւ երեխան դեռ չի մեծացել։ Երեխան տարբեր իրեր ունի․ պայուսակի մեջ գրքեր կան, կա ապակի, որով արեւը բռնում, գցում է թղթի վրա։ Երեխան երազանքներ ունի, ու երեխան հեծանիվ է քշում։ Իսկ տղերքի վարդագույնն ու բանտիկավորը երբեք չեն կարող էսպիսի բաների հետ նույն իրականության մեջ գտնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել