Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

Ուղերձում ասվում է. 

«Սիրելի հայրենակիցներ,

Հայ մարմնակրթական ընդհանուր միության սիրելի անդամներ,

շնորհավորում եմ բոլորիս համահայկական պատանեկան հնագույն և ամենամեծ կառույցի հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ:

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ծնունդ առավ Պոլսում, փորձեց իր շուրջը համախմբել ու պահպանել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված բեկորներին և դարձավ հայ կյանքում սկաուտական շարժման հիմնադիրն ու այդ գաղափարների տարածողը:

Միշտ հավատարիմ մնալով իր «Բարձրացի՛ր և բարձրացրո՛ւ» կարգախոսին՝ միությունն իր մեջ ուժ գտավ որպես հայապահպան գործոն՝ ողջ հասակով բարձրանալու Սփյուռքի հայ գաղութներում:

Ու նաև մեկ դար շարունակ հիրավի անգնահատելի աշխատանք կատարեց ֆիզիկական դաստիարակության ու հոգևոր-մշակութային կրթության միջոցով հասարակական-քաղաքական ասպարեզ ազգային ինքնագիտակցություն ունեցող սերունդներ բարձրացնելու գործում:

Սիրելի հոմենըթմենականներ,

առավել քան ուրախ եմ, որ միության հիմնադրման մեկդարյա հոբելյանը նման մեծ ընդգրկմամբ տոնում եք մայր հայրենիքում: Այս օրերին բացակայելով Հայաստանից, ցավոք, չեմ կարող մասնակցել ձեր հանդիսություններին:

Ուստի, հեռվից կրկին շնորհավորում եմ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման հարյուրերորդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ, որ կյանքում ձեզ միշտ ուղեկցեն սկաուտական պայծառ գաղափարները, գուցե հայրենիքից հեռու, բայց միշտ ապրեք հայրենիքի կյանքով և ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնեք Հայաստանում ու Արցախում, ուր ձեզ սիրով սպասում են ձեր հարյուր հազարավոր տարեկիցները»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել