Հասունանալը մեծ պահանջներ և լարում ենթադրող պրոցես է յուրաքանչյուր դեռահասի համար: Հասունանալու կարևորագույն կողմերից է սեփական սեռական կողմնորոշումը ձևավորելը: Բոլոր երեխաները մեծանալու ճանապարհին ունենում են սեռական որոշ փորձ՝ որպես հասունանալու նորմալ գործընթացի մի մաս: Սեռական վարքը կարող է լինել նույն կամ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Շատ դեռահասների համար նույն սեռի ներկայացուցչի հետ սեռական հարաբերություններ ունենալը մտահոգող է և երկմտանք է առաջացնում իրենց սեռական ճիշտ կոմնորոշվածության առումով: Մյուսների համար անգամ միտքն այդ մասին անհանգստացնող է:

Հոմոսեքսուալիզմը տևական սեռական և հուզական ձգողությունն է նույն սեռի ներկայացուցչի հանդեպ: Սա սեռական արտահայտության ձևերի մի մասն է: Գեյ և լեսբիան անձինք իրենց առաջին հոմոսեքսուալ մտքերը, զգացմունքները և փորձը ունենում են մանկության և դեռահասության շրջանում: Հոմոսեքսուալիզմը գոյություն է ունեցել ողջ պատմության ընթացքում, տարբեր մշակույթներում: Հասարակության վերաբերմունքի վերջին փոփոխությունները հոմոսեքսուալիզմի հանդեպ օգնել են բազմաթիվ գեյ և լեսբիան անձանց ավելի անկաշկանդ զգալ իրենց հոմոսեքսուալ կողմնորոշվածության առումով: Կյանքի այլ ոլորտներում նրանք զարգանում են հետերոսեքսուալ երիտասարդների նման: Նրանք ապրում են նույն տիպի սթրեսներ, անցնում են նույն տիպի պայքարի միջով և կատարում են նույն առաջադրանքները, ինչ բոլոր դեռահասները:

Ծնողները պետք է հստակ գիտակցեն, որ հոմոսեքսուալիզմը մտավոր խանգարում չէ: Հոմոսեքսուալիզմի պատճառը կամ պատճառները ամբողջովին հայտնի չեն: Այնուամենայնիվ, անձի սեքսուալ կողմնորոշումը ընտրության հարց չէ: Այլ կերպ ասած, անհատը չի կարող ընտրել՝ նա ուզում է դառնալ հոմոսեքսուալ, թե հետերոսեքսուալ: Բոլոր դեռահասները ունեն իրենց սեռական վարքի և կյանքի ոճի ընտրությունը՝ անկախ իրենց սեռական կողմնորոշվածությունից:

Չնայած գեյ կամ լեսբիան լինելու մասին շատ տեղեկությանը, դեռահասները դեռ կարող են անհանգստություններ ունենալ այդ կապակցությամբ: Օրինակ՝ դեռահասը կարող է՝

. իրեն տարբեր զգալ իր հասակակիցներից

. իրենց մեղավոր զգալ իր սեռական կողմնորոշվածության համար

. վախենալ ընտանիքի և սիրած անձնավորության ռեակցիայից

. նրան կարող են ծաղրել հասակակիցները

. վախենալ ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի վարակներից և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններից

. վախենալ դիսկրիմինացիայից տարբեր խմբակների, սպորտաձևերի միանալու, ԲՈՒՀ ընդունվելու և աշխատանք գտնելու ժամանակ

. մերժվել և հալածվել այլ մարդկանց կողմից

Գեյ և լեսբիան դեռահասները կարող են մեկուսանալ հասարակությունից, հեռանալ հասարակական գործունեություններից և ընկերներից, խնդիրներ ունենալ կողմնորոշվելիս և ցածր ինքնագնահատական ձևավորել: Նրանց մոտ կարող է զարգանալ նաև դեպրեսիա: Ծնողները և դեռահասին շրջապատող այլ անձինք պետք է ուշադիր լինեն վերոհիշյալ նախանշանների հանդեպ, քանի որ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ գեյ և լեսբիան երիտասարդների շրջանում մեծ թիվ են կազմում ինքնասպանության դեպքերը:

Շատ կարևոր է, որ ծնողները հասկանան իրենց երեխաների հոմոսեքսուալ կողմնորոշումը և հուզական աջակցություն ցույց տան նրանց: Ծնողները հաճախ մեծ դժվարությամբ են ընդունում իրենց երեխայի գեյ կամ լեսբիան լինելը, իսկ դեռահասները ծնողներից թաքցնում են այդ փաստը: Հոմոսեքսուալ դեռահասները պետք է հնարավորություն ունենան ընտրելու, թե երբ և ում հետ են նրանք ցանկանում կիսվել իրենց կողմնորոշվածության մասին: Ծնողները և ընտանիքի այլ անդամները կարող են աջակցություն ստանալ «Գեյերի և լեսբիանների ծնողները, ընտանիքները և ընկերները (PFLAG)» կազմակերպությունից:

Իրենց սեռական կողմնորոշվածությունից շփոթված կամ այդ մասին բաց խոսելուց վախեցած դեռահասներին կարող է օգնել խորհրդատվությունը: Նրանց մեծապես կօգնի աջակցությունը և իրենց զգացմունքները ազատ բացելու հնարավորությունը: Թերապիան կարող է նաև օգնել դեռահասներին հարմարվել անձնական, ընտանիքում և դպրոցում ծագած խնդիրներին և անախորժություններին: Խորհուրդ չի տրվում դեռահասի հոմոսեքսուալ կողմնորոշումը փոխելուն ուղղված թերապիան, որը կարող է վնասել փոխվել չցանկացող դեռահասին: Այս դեպքում բացասական մտքերը և հույզերը, որոնց հետ դեռահասը արդեն պայքարում է, միայն կավելացնեն նրա շփոթվածությունը և անհանգստությունը:


doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել