Նկարիչը ողջ մարդկության և աշխարհում գոյություն ունեցող նյութեղեն իրերի տիրակալն է: Եթե նկարիչն այս պահին ցանկանա տեսնել իրեն գերող սքանչելիքները, նա կարող է վերստեղծել դրանք, ինչպես նաև սարսափելի հրեշներին, ծիծաղելի կամ դժբախտ կերպարներին: Նա տերն ու տիրակալն է այս ամենի. եթե ցանկանա պատկերել մարդաշատ բնակավայրեր կամ անապատներ, տապից պատսպարող ստվերաշատ կացարաններ կամ ցրտից պաշտպանող տաք օթևաններ՝ կարող է անել դա: Եթե կամենա պատկերել դաշտավայրեր, լեռների գագաթներից դեպի ծովը ձգվող անծայր հորիզոններ կամ էլ ստորոտից նկարել բարձրաբերձ սարերը, կարող է կատարել այդ ամենը...: Իրականում, այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում՝ փաստացի, սիմվոլիկ կերպով կամ երևակայության մեջ, նկարիչն առաջին հերթին ամփոփում է իր մտքում, ապա արտահայտում ձեռքի միջոցով: Եվ սա մի ուրույն կատարելություն է՝ կարողանալը հարմոնիկ կերպով և համամասնության մեջ արտահայտել ողջ տեսանելին, այն՝ ինչ հնարավոր է նկատել լոկ առաջին հայացքից, մեկ ակնթարթում, ինչպիսին որ կան իրերը բնության մեջ:
Նա, ով չի սիրում նկարչությունը, չի կարող սիրել ո՛չ փիլիսոփայությունը և ո՛չ էլ բնությունը: Եթե դուք չեք սիրում նկարչությունը, որը բոլոր տեսանելի արարածների միակ կրկնօրինակողն է, վստահաբար ձեզ դուր չեն գա նաև փիլիսոփայության պարգևած նրբին գյուտերը և բնության բազմապիսի սպեկուլյացիաները, որոնք կառուցվում են ստվերի և լույսի մեջ թաթախված ծովի և ցամաքի, կենդանիների և բույսերի, խոտերի և ծաղիկների միջոցով: Իրապես, նկարչությունը գիտություն է, բնության հարազատ զավակը կամ եթե ավելի ճշգրիտ արտահայտվելու լինենք՝ բնության թոռը, որովհետև բոլոր տեսանելի արարածներին ծնել է բնությունը, որոնք իրենց հերթին և ծնունդ են տվել նկարչությանը: Ուստի կարող ենք արդարացի կերպով խոսել նկարչության մասին՝ իբրև բնության շարունակություն և Աստծո հետ առնչություն ունեցող երևույթ, և ո՞վ գիտե, գուցե մեր արվեստի շնորհիվ Աստծո ժառանգները կոչվելու շնորհին արժանանանք...
Նկարչությունը չի կարող ուսուցանվել նրանց, ում բնության կողմից չի տրվել այդ շնորհը, ինչպես մաթեմատիկա ուսանողները ստանում են այնքան գիտելիք, որքան որ տրվում է ուսուցչի կողմից: Նկարչությունը նամակների կրկնօրինակման կամ քանդակագործության պես չէ, որտեղ պատճենը համարժեք է բնագրին և չի հանդուրժում անվերջ կրկնօրինակումը, ինչպես որ ընդունված է գրատպության մեջ:
Երաժշտությունը կարող է նկարչության քույր կոչվել, քանի որ այն կախված է լսողությունից, այն զգայարանից, որը հաջորդում է տեսողությանը, և նրա հարմոնիան ստեղծվում է առանձին մասերի միասնական և միաժամանակյա հնչողության շնորհիվ, մեկ կամ մի քանի հարմոնիկ ռիթմերի աճմամբ կամ նվազմամբ: Այս ռիթմերը, կարելի է ասել, միավորում են երաժշտության զանազան բաղկացուցիչները, ինչպես որ մաշկը պարուրում է մարմնի առանձին մասերը՝ ստեղծելով մարդկային գեղեցկությունը:
Նկարչությունը, սակայն, գերազանցում է երաժշտությանը և ավելի բարձր է դասվում նրանից, որովհետև այն չի չքանում ծնվելուն պես, ինչը ցավալիորեն տեղի է ունենում երաժշտության հետ: Այլ հակառակը՝ այն վերապրում է ժամանակի հետ պայքարում և ունի կենդանի մնալու բոլոր կարողությունները, թեև դրոշմված է կտավի պարզ մակերևույթին: Օ՜, սքանչելի գիտություն, որը կարողանում է պահպանել մահկանացուների անցողիկ գեղեցկությունը և արարածներին բնության կողմից սահմանվածից երկար կյանք տալ, որովհետև գոյություն ունեցող ամեն բան ենթակա է ժամանակի ազդեցությանը և անխուսափելիորեն ծերանում է: Բացի այդ, այս գիտությունը ինչպես որ հարաբերվում է բնության ստեղծվածների հետ, միևնույն հարաբերության մեջ է գտնվում նաև աստվածային էության հետ և այս իսկ պատճառով առավել տենչալի ու սիրելի է մեզ համար:
Միևնույն տարբերությունն առկա է նաև նկարչության և պոեզիայի միջև, ինչպես ասենք` նկարիչը պատկերում է մարդու ամբողջական մարմինը, իսկ բանաստեղծը՝ մաս առ մաս: Բանաստեղծը, եթե ցանկանա նկարագրել մարմնի գեղեցկությունը կամ անճոռնիությունը, կարող է ցուցադրել դա քայլ առ քայլ, մինչդեռ նկարիչը կտա ամբողջական պատկերը: Այն, ինչ կարող է արտահայտել նկարիչն իր վրձինով, անկարող է հաղորդել բանաստեղծն իր փետուրի օգնությամբ: Չե՞ք տեսել երբևէ այնպիսի նկարներ, որոնք ասես բնական ու կենդանի լինեն և տեսողական խաբկանք են առաջացնում մարդկանց և կենդանիների մոտ: Բանաստեղծն ապավինում է ականջի ընկալմանը, մինչդեռ նկարիչն իր մտահղացումը հաղորդում է մարդկանց ավելի գերազանց զգայարանի՝ տեսողության միջոցով: Պոեզիան վերաբերում է բարոյափիլիսոփայության ճյուղին, իսկ նկարչությունը գործ ունի բնափիլիսոփայության հետ: Պոեզիան նկարագրում է մտքի աշխատանքը, մինչդեռ նկարչությունն արտահայտում է մտքի գործունեությունը մարմնի շարժման մեջ:
Միևնույն ժամանակ, պոեզիան զիջում է նաև երաժշտությանը: Երաժիշտը, ճիշտ է, առանձնաբար է ստեղծում չորս ձայների՝ սոպրանոյի, տենորի, բարիտոնի և բասի համար գրված եղանակները, սակայն հնչեցնում է դրանք միաժամանակյա հարմոնիայի մեջ, մինչդեռ բանաստեղծը չի կարող ապահովել այս երաժշտական հարմոնիայի համարժեքն իր ստեղծագործության մեջ: Ուստի, ելնելով այս փաստարկներից, կարելի է ասել, որ պոեզիան նկատելիորեն զիջում է նկարչությանը տեսանելի իրերի պատկերման մեջ և զիջում է երաժշտությանը անտեսանելիի պատկերման գործում:
Միով բանիվ, անկախ արվեստների թերություններից, կարծում եմ՝ այս երկրի վրա մարդը չունի ավելի վսեմ զբաղմունք, որն այսչափ վայելք պատճառեր...
Կարդացե՛ք Լեոնարդո դա Վինչիի նոթատետրերը.
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/05/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել