Երեկ հանդիպման էի Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամում, որտեղ հանդես եկա Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ ելույթով: Դրան հաջորդեց հարցուպատասխան-քննարկում մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Ելույթում հետևյալ հիմնական շեշտադրումներն արեցի.

Հայաստանում ավարտվեց ընտրական շրջանը, որը մեկնարկել էր 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններով, շարունակվել 2013թ. փետրվարի նախագահական ընտրություններով և ուղիղ մեկ տարի անց ավարտվել Երևանի ավագանու ընտրություններով: Երեք ընտրություններն էլ քաղաքական դաշտում կառուցվածքային որևէ փոփոխության չհանգեցրին: Ի՞նչ եզրակացություն կարելի է անել այս ընտրություններից.
- Ժողովրդի մեծամասնությունը ակնհայտորեն փոփոխություն էր ցանկանում և այդ նպատակով էլ գնաց ընտրությունների: 
- Մենք դեռևս պատրաստ չենք անցկացնել ազատ և արդար ընտրություններ:

Հաջորդ չորս-հինգ տարիները լինելու են առանց ընտրությունների, սակայն ոչ առանց խնդիրների, մտահոգությունների և մարտահրավերների ժամանակաշրջան: Անկասկած՝ լինելու է ժամանակի դեմ մրցավազք, որովհետև.
- ժողովուրդը կորցնում է համբերությունը: Նման իրավիճակում հնարավոր են ամեն տեսակի անկանխատեսելի զարգացումներ, որոնց կարիքը Հայաստանը բացարձակապես չունի.
-Բնակչության մի ստվար հատված պատրաստ է հեռանալ երկրից: Քաղաքական-տնտեսական իրավիճակից բխող այս խնդիրը լրջագույն սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը:
- Հայաստանը կորցնում է մրցունակությունը տարածաշրջանում:
- Վերջապես, մենք խնդիր ունենք շահել հարատև խաղաղությունը և գիտենք, որ Ադրբեջանը խնդիր է դրել շահել պատերազմը: Թե մեր երկուսից որը կկարողանա պարտադրել իր տարբերակը, կախված է նրանից, թե մենք ինչպես կդիմագրավենք վերոնշյալ մարտահրավերները:

Մենք բոլոր ասպարեզներում, բնականաբար, լուրջ խնդիրներ ունենք: 

Ներքին քաղաքականություն

1. Անհրաժեշտ է վերացնել քաղաքական մենաշնորհը և Հայաստանի քաղաքական համակարգում հակակշիռներ ստեղծել: Գալիք ժամանակաշրջանի համար դա պետք է լինի ներքաղաքական դաշտի կարևորագույն խնդիրներից մեկը: 
2. Անհրաժեշտ է հասնել ընդդիմության համախմբման, որը և կարող է նպաստել վերոնշյալ խնդրի լուծմանը: Անհրաժեշտ է, որ մենք վերանայենք ընդդիմության և իշխանության մեր ընկալումները: Պետք է կարողանանք ձերբազատվել խորհրդային ընկալումներից ու կարծրատիպերից և առողջ քաղաքական դաշտի այս երկու մասնիկներին տանք իրենց համարժեք բնութագրումն ու դերակատարումը: 
3. Անհրաժեշտ է ամենակարճ ժամանակում ձևավորել համապետական քաղաքական օրակարգ, որն անպայմանորեն ենթադրում է ընտրական օրենսգրքի բարեփոխումներ և անհրաժեշտության դեպքում՝ սահմանադրական փոփոխություններ: Այստեղ իշխանությունները նույնպես պետք է տեսնեն իրենց շահը և ակտիվ մասնակից դառնան այդ օրակարգի թե՛ մշակմանը, թե՛ իրականացմանը: 

Տնտեսություն

Ինչպես աշխարհի այլ երկրներում, Հայաստանում ևս մենք պետք է ունենանք «խնայողություն, թե աճ» տնտեսագիտական բանավեճը՝ վստահ լինելով, որ հաղթող կլինեն աճի կողմնակիցները: Ժամանակի դեմ մեր մրցավազքի պայմաններում Հայաստանը տնտեսական զարգացման այլ տարբերակ պարզապես չունի: Կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ իր բոլոր հնարավոր բաղադրիչներով և լծակներով, պետք է միտված լինի երկրում տնտեսական աճի ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կենսամակարդակի բարձրացմանը: Հավակնոտ այս մոտեցումը իշխանություններին կպարտադրի իրականացնել տարիներով ձգձգվող կառուցվածքային լրջագույն բարեփոխումները` հարկային, ֆինանսական և այլ ոլորտներում: 

Արտաքին քաղաքականություն

Այստեղ պատկերը նույնպես հուսադրող չէ: Ղարաբաղյան բանակցային գործընթացը այսքան խոր փակուղում երբևէ չի եղել, իսկ դրանից դուրս գալու հեռանկարը չի երևում: Սա մտահոգիչ է բոլորի համար, քանի որ այս իրավիճակի ձգձգումը կարող է անկանխատեսելի զարգացումների հանգեցնել: Հարկավոր է հստակեցնել՝ որն է բանակցային ներկա փաստաթուղթը, որը բոլոր կողմերը կընդունեն որպես բանակցությունները սկսելու հիմք: Նույնը կարելի է ասել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Երբեք կողմերը միմյանց նկատմամբ այսքան սառը և անտարբեր չեն եղել: Այս իրավիճակը նույնպես պետք է փոխվի:
Մեր առջև ընտրություն է դրվելու Եվրոպական Միության և դեռևս գոյություն չունեցող Եվրասիական միության միջև: Արդյոք դա պետք է լինի ընտրությո՞ւն, թե՞ այսօրվանից պետք է այս երկուսի հետ մեր ներգրավվածությունը դիտարկենք որպես իրար փոխլրացնող գործընթացներ և երկուսից էլ հնարավորինս օգտվենք: 

Վերջապես, ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք առավել խորացնել հայ-վրացական հարաբերությունները՝ դրանք տեղափոխելով այնպիսի հարթություն, որը հնարավորություն կստեղծի երկու երկրների միջև սկսելու լրջագույն ինտեգրացիոն գործընթացներ: 

Ելույթս ամփոփելով՝ ես անդրադարձա հայ-ամերիկյան հարաբերություններին՝ նշելով, թե ինչ կետում են այսօր դրանք գտնվում.
1. Երկկողմ որևէ նոր պայմանագիր չի ավելացել:
2. Գնալով կրճատվել է Միացյալ Նահանգների օգնությունը Հայաստանին, մինչդեռ դրա կարիքն ավելի է զգացվում հատկապես ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում:
3. Փակվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որը էապես կարող էր նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը:
4. Միացյալ Նահանգները որևէ հաջողություն չի արձանագրել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, այնպես էլ Ղարաբաղյան կարգավորման հարցերում:

Այս ամենը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել հայ-ամերիկյան հարաբերությունները և ճանապարհներ որոնել դրանց նոր թափ և բովանդակություն հաղորդելու համար, մանավանդ, որ ԱՄՆ-ը կարող է լուրջ հետաքրքրություն ունենալ հենց այս օրակարգի նկատմամբ, որը իմ ելույթում ներկայացրեցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել