Մի՞թե մեր իշխանությունները բոլորովին կորցրել են իրատեսության զգացումը, թե՞ պարզապես արհամարհելով մեր ժողովրդին՝ մշտապես խաբում են նրան: Չնայած սոցիալական ծանր վիճակին՝ ժողովուրդը քվեարկեց իշխող կուսակցության օգտին՝ հոգու հեռավոր մի անկյունում ունենալով մի փոքրիկ հույս, թե վերջապես վիճակը կարող է բարելավվել: Բայց հիմա ստացվում է, որ ժամանակին չար լեզուները ճիշտ էին ասում, որ ընտրություններից հետո իշխանությունը ցույց կտա իր իսկական դեմքը և գազի գները, իմա նաև բոլոր ապրանքների, կսանձարձակվեն: Ցավալիորեն այդ կանխագուշակությունները ճիշտ դուրս եկան: Իսկ դա ինչ է նշանակում, բերեմ մի քաղվածք տնտեսագետ Հայկ Բալանյանի հարցազրույցից. «–Հայտարարված 64-67%–ով գինը չի բարձրացվի, մեր Կառավարությունը «հերոսական» ջանքերով գինը կբարձրացնի ավելի քիչ ծավալով, բայց նույնիսկ այդ դեպքում շարքային քաղաքացու համար դա մեծ հարված է: Գազի գնի բարձրացումը կազդի նաև ամբողջ տնտեսության վրա՝ սկսած հացի արտադրությունից: Նաև հետաքրքրական է, որ առաջարկում տրված է դրամի կանխատեսվող փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 420 դրամ, ինչը նշանակում է, որ կանխատեսվում է ամբողջ ներմուծման թանկացում, դրամի սղաճ» և բնակչության իրական կենսամակարդակի զգալի վատթարացում:
Առանց այն ել, բնակչության զգալի մասը հրաժարվում էր գազ օգտագործելուց, որովհետև գտնվում է ծայրաղքատության մեջ: Ի՞նչ կլինի հիմա, կսկսեն ոչնչացնել ծառերը, ավելի կուժեղանա արտագաղթը: Հայաստան կոչված երկրում կմնան իշխանավորներն ու օլիգարխները՝ իրենց մտերիմներով, այնպես որ մյուս ընտրություններին՝ իրենք իրենց կընտրեն:
Նյութի աղբյուր՝ http://sos-movsisyan.livejournal.com/104425.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել