Երևանի ավագանու այսօրվա նիստին քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը 30 րոպե առաջ հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո հայտարարեց, որ եթե ավագանու նիստին քվորում չի ապահովվում՝ հայտարարվում է ընդմիջում, իսկ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում՝ նիստը համարվում է չկայացած։

«Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած»,- հայտարարեց Կամո Արեյանը։

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը 30 րոպեով հետաձգվել էր՝ քվորում չլինելու պատճառով։ Ըստ օրենքի՝ ներկա պետք է լինեին ավագանու անդամների կեսից ավելին, սակայն նիստին ներկա էին ավագանու 5 անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Ըստ «Երևանի մասին» օրենքի՝ քաղաքապետի պաշտոնի թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրն օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները:

Մեկ թեկնածուով Երևանի քաղաքապետ չի ընտրվում, ավագանին ցրվում է, և կառավարությունը նշանակում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել