Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, այսօր տեղի ունեցավ «Հարսանիք թիկունքում» ներկայացման երևանյան ասուլիսը, որին ներկա էին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը և կոմպոզիտոր, երգիչ Հայկոն:

Այս ներկայացման վրա շուրջ մեկ տարի աշխատել են, որի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 30-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Անահիտ Աղասարյանի Հարսանիք թիկունքում բեմադրությունն  արդեն այսօր կարող են դիտել նաև Երևանում:

Ասուլիս սկզբում Տիգրան Վիրաբյանը նկատեց, որ ժամանակին մարդիկ գալիս էին Գյումրի՝ ներկայացում նայելու, լավ երաժշտություն լսելու: Հիմա վստահ է՝ հին ժամանակները վերականգնվում են. «Մեկ ամսվա ընթացքում տաս հազար հանդիսատես ունենալը կարևոր ցուցանիշ է: Լավ PR-ը կարող է լսարան ապահովել մինչև առաջին երկու ներկայացումը, որից հետո որոշիչ է մարդկանց արձագանքները ու ստացած տպավորությունները»:

Բեմդրության ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է, նկարչական ձևավորումն արել է Գարեգին Եվանգուլյանին, կոմպոզիտորն է Հայկոն: Ներկայացման մեջ ընդգրկված են երեսուն դերասան, գլխավոր դերերում են ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը և Տիգրան Գաբոյանը:

Լյուդվիգ Հարությունը կարևորեց պատերազմի հերոսների արձագանքը և նշեց, որ ներկայացմանը նրանց միշտ հրավիրում էինք, չնայած հասկանում էին՝ նրանց համար ծանր է դիտելը. «Պրեմիերայից հետո մեզ մոտեցավ տղաներից մեկի՝ Հրաչի մայրը ու շնորհակալություն հայտնեց, որ տղայի մասին բեմադրություն ենք արել: Ասացի, որ նրա տղան մեզ համար հերոս է, բայց այս ներկայացումը հերոս մոր մասին է: Ես ուրախ եմ, որ ծնողները ներկայացումից հետո միայն հպարտությամբ էին դուրս գալիս դահլիճից»:

Պիեսի համար հատուկ երաժշտություն է գրվել, որ հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն: Ի դեպ այդ երաժշտության հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որի պրեմիերան կայացել է մայիսի 8-ին:

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերսներին: Պիեսի հիմքում մի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են միակ ազավակին ամուսնացնել: Ներկայացվում է ապրիլի 2-ի դեպքերը և թե ինչպես են տարբեր ծայրում ապրող ընտանիքի հարզատները գալիս մասնակցելու հարսանիքին: Սակայն պատերազմի արդյունքում հարսանիքը կիսատ է մնում, իսկ հերոսը լքելով հարսնացուին՝ գնում է պատերազմ:  

Ի դեպ, ստեղծագործական թիմը ներկայացումը խաղալու է նաև Արցախում և Սփյուռքում: Երևանում մի քանի ներկայացում են խաղալու, որոնց տոմսերն արդեն սպառվել են: Տիգրան Վիրաբյանը նաև նշեց, որ Արմենիա հեռուստաընկերությունը նկարահանելու է ներկայացումը՝ հետագայում այն ցույց տալու նպատակով. Լավ է, որ մենք կրկին ունենք ներկայացումների հեռուստատեսային տարբերակներ: Ժամանակին հեռուստաթատրոնը շատ սպասված էր, հիմա փորձում ենք ներկայացումները կրկին բերել հեռուստատեսություն»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել