Panorama.am-ը գրում է.

Սրտանոթային հիվանդների դիմելիությունը սրտաբաններին՝ պայմանավորված աննախադեպ շոգ եղանակով, վերջին շրջանում զգալի ավելացել է: Շտապօգնության կանչերի թիվը նույնպես ավելացել է, և հիվանդների թվում հատկապես շատ են  սրտանոթային հիվանդություններ ունեցողները:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում օրական սպասարկում են  միջինը 730 կանչ, մինչդեռ մինչ այս շոգերն, օրական ունեցել են 650-680 կանչ:

Բացի, այդ, ըստ նրա, 25 տոկոսով ավելացել են նաև հոսպիտալացման դեպքերը, մինչդեռ նախկինում հիվանդանոց տեղափոխված անձանց թիվը միջինը կազմել է 18-20 տոկոս:

«Օր է եղել, երբ հոսպիտալացման դեպքերը հասել են 30 տոկոսի, ինչն աննխադեպ է:  Օրինակ՝ հուլիսի 4-ին գրանցվել է 772 կանչ, արդյունքում 209 մարդ  հոսպիտալացվել է: Ըստ միջին վիճակագրության՝  օրական 130-140 մարդ է հոսպիտալացվում»,- ասաց  «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը:

Կանչերի թվում առաջին տեղում են սրտանոթային, ապա սուր շնչառական հիվանդություններն ու տարբեր տեսակի վիրուսները: Վերջին շրջանում ավելացել են աղիքային վարակի կասկածով հիվանդների հոսպիտալացման դեպքերը: 

Թագուհի Ստեփանյանն ասաց, որ կանչերի թվի ավելացումով պայմանավորված, ծառայությունն  աշխատում է գերբեռնված ռեժիմով: Նրա խոսքով՝ իրենք կանչը մերժելու իրավունք չունեն, բայց շատ հաճախ են լինում դեպքեր, երբ կանչն անարդյունավետ է: Նա նշեց, որ գլխացավի, թույլ ջերմության և այլնի դեպքում անհրաժեշտ է դիմել ընտանեկան բժիշկներին կամ տարածքային պոլիկլինիկա, սակայն մարդիկ միանգամից  շտապօգնություն են կանչում:

«Հասկանում եմ՝  շոգ է, հնարավոր է, որ նաև այդ պատճառով մարդիկ չեն գնում իրենց ընտանեկան բժշկի մոտ, բայց ուզում եմ մարդկանց խնդրել, որ անհրաժեշտության դեպքում շտապօգնություն կանչեն: Գերծանրաբեռնված ենք աշխատում, և անհրաժեշտ է, որ շտապօգնության մեքենաները կարողանան ժամանակին հասնել իսկապես կարիք ունեցողների մոտ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել