Երեկ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակական թատրոնում տեղի ունեցավ «Ամարաս» պարային համույթի՝ «Ամարասի գանձերը» պարային ներկայացումը: Ներկայացման մեջ ներգրաված էր մոտ չորս հարյուր հոգի, ովքեր, երկրից երկիր ընկնելով, փնտրում են գանձերը և որ երկրում հայտնվում էին, ներկայացնում էին իրենց ազգային պարը: BlogNews.am-ը ներկա է եղել պարային ներկայացմանը և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

«Ես դեռ անցած տարի ասել էի, որ պատրաստվում ենք նման ներկայացում բեմադրել․ չնայած բարդ աշխատանքներին՝ մենք դա իրականացրինք: Ոչ ոք դեռ նման պարային ներկայացում չի բեմադրել, աշխատանքներն իսկապես շատ մասշտաբային էին»,- պատմում է գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը:

Նախապատրաստական աշխատանքները սկսել են դեռ վեց ամիս առաջ, իսկ հիմնական փորձերը տևել են երեք ամիս: Ներկայացման ռեժիսորը Կարո Նաղդալյանն է, ով այս ամբողջ ընթացքում աշխատել է Վիկայի հետ. «Ես իմ բոլոր մտքերն ասել եմ նրան: Իհարկե, կարող էի այդ ամենը մենակ անել, բայց ես ուրախ եմ, որ նման տաղանդավոր մարդիկ իմ կողքին էին և օգնել են այս ընթացքում: Ունեինք նաև բեմադրիչ՝ Մարիամը, ով պրոֆեսիոնալ է իր գործում․ նա զբաղվում է բոլոր թատրոնների ռեկվիզիտներով, բեմական աքսեսուարներով էլ զբաղվել է Աննա Մութաֆյանը»:

Արդեն տասնհինգ տարուց ավելի է՝ Վիկան ունի իր պարուսույցները, և «Ամարասի գանձերը» պարային ներկայացման մեջ կային նաև նրանց բեմադրությունները. «Այս ներկայացումը լավագույն հնարավորություն էր առաջին հերթին իմ պարուսույցների համար, որ իրենք կարողանային իրենց բեմադրական մտքերը ցույց տալ: Իմ պարուսույցներն արդեն հասել են նրան, որ դասավանդում են մեր ստուդիայում: Ես ուրախ եմ, որ իմ սաներն արդեն կարողանում են բեմադրել այնպիսի պարեր, որոնք կարելի է հանձնել հանդիսատեսի դատին»:  

Ի դեպ, սա այն եզակի դեպքերից էր, երբ Վիկան չի պարել։ Կատակով ասում է՝ եթե պարեր, գուցե ամեն ինչ ձախողվեր. «Դեռ կլինեն առիթներ պարելու, այնպես չէ, որ այլևս չեմ պարելու: Պարզապես այս ներկայացման ժամանակ ես պետք է զգոն և շատ ուշադիր լինեմ, որովհետև պետք է կառավարել այդ չորս հարյուր հոգուն, որպեսզի կարողանամ ամեն ինչ վերջնական ավարտին հասցնել»:

«Ամարասի գանձերը» ներկայացման մեջ պարում է նաև Վիկայի դուստրը՝ Նանուլիկը, ով երեկ ներկայացավ պրեմիերայով: Երաժշտության, խոսքերի, գործիքավորման հեղինակը Նիկ Էգիբյանն է, ում հետ աշխատելու փորձ արդեն ունեցել են:  

«Ամարասն» այն եզակի պարային համույթներից է, ով, բացի հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատելուց, ներկայացնում է նաև հաշվետու տեսահոլովակներ. «Հայաստանում չկա որևէ խումբ, որ ունի պարային տեսահոլովակ, այն էլ՝ այդքան մասշտաբային, որակյալ և միևնույն ժամանակ՝ թանկ: Ես եթե մի աշխատանք եմ ներկայացնում, պետք է անեմ իդեալական և շատ գեղեցիկ: Իսկ հիմա թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես պարզապես դժվար կլինի իրականացել, որովհետև ամեն ինչ անում եմ ինքս, առանց որևէ մեկի օգնության: Հիմա ավելի կենտրոնացած էի ներկայացման վրա։ Տեսահոլովակ իհարկե կլինի, բայց ոչ այս տարի, քանի որ տարածքային մեծ փոփոխություն ունենք»:  

Այն հարցին՝ արդյոք այս շրջանում նոր տեսահոլովակներում աշխատելու պակաս զգացվո՞ւմ է, Վիկան անկեղծանում է. «Հնարավոր է, որովհետև այսօր ես կարևորում եմ «Ամարասը», քանի որ արդեն քսաներեք տարի է, ինչ գտնվում եմ մեր հայկական շոու բիզնեսում: Այս ընթացքում եղել է չորսից-հինգ պրեմիերա տեսահոլովակների տեսքով, էլ չեմ ասում, որ հարսանեկան խնջույքներին էլի մեր կարիքն են զգում: Հիմա էլ պատրաստվում ենք երգիչների հետ հյուրախաղերի մեկնել»:

Պարուհին այլևս տեսահոլովակներում չի երևում, ասում է՝ առաջնայինը հիմա խմբի անունն է, որակը. «Այն, ինչ ես երգիչների համար միշտ արել եմ, դեռ կանեմ, բնականաբար, բայց այս պահի դրությամբ չորս հարյուր սան ունենալն ամենագլխավորն է, որը, իհարկե, շատ պարտավորեցնող է: Ես կրթում եմ սերունդներ, որոնց հանձնում եմ բոլոր պետական կոլեկտիվներին․ դրանից ես ինձ շատ լավ եմ զգում»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել