Նրա անունը Արկադի Նեյլանդ էր: Ծնվել է 1949-ին Լենինգրադում, աշխատավորների ընտանիքում: Հայրը փականագործ էր, մայրը՝ հիվանդանոցում բուժքույր: Ըստ էության, վատ դաստիարակություն է ստացել, ծեծի է ենթարկվել ծնողների կողմից ու թերսնվել է: Փախել է տնից, 7 տարեկանից (ըստ իր խոսքերի) գրանցվել է ոստիկանության մանկական սենյակում: 12 տարեկանում մայրը նրան ինտերնատ է հանձնել, որտեղից էլ տղան փախել է հասակակիցների հետ հակասությունների պատճառով: Գնացել է Մոսկվա, որտեղ բռնվել է ոստիկանության կողմից ու հետ է ուղարկվել Լենինգրադ:

Մինչև 1963-ի վերջն աշխատել է «Լենպիշմաշ» ձեռնարկությունում, որտեղ հաճախ բացակայում էր ու նկատվել էր գողություն կատարելու մեջ: Մի քանի անգամ ոստիկանություն է տարվել մանր գողություններ կատարելու ու խուլիգանության համար, սակայն գործերը մինչև դատարան չեն հասել: 1964-ի հունվարի 4-ին հերթական անգամ բռնվել է գողության համար, սակայն փախել է պահակակետից: Ըստ Նեյլանդի՝ այդ ժամանակ նա որոշել է «վրեժխնդիր լինել» որևէ սարսափելի սպանություն կատարելու միջոցով: Միաժամանակ նա ցանկացել է գումար աշխատել, որպեսզի Սուխումի տեղափոխվի ու այնտեղ նոր կյանք սկսի: Իր մտադրությունն իրականություն է դարձրել հունվարի 27-ին՝ այդ նպատակով ծնողներից կացին գողանալով:

Կրկնակի սպանություն

Հանցագործության պատկերը վերստեղծվել է Նեյլանդի ցուցմունքների, վկաների, քրեագետների ու հրշեջների նկարագրությունների հիման վրա: Հանցագործությունը կատարվել է հետևյալ հասցեում՝ Սեստրորեցյան փողոց, տուն 3, 9-րդ բնակարան: Նեյլանդն իր զոհին պատահականության սկզբունքով է ընտրել: Նա ցանկանում էր հարուստի տուն թալանել, իսկ որպես «հարստության» ցուցանիշ նրան ծառայեց մուտքի կաշեպատ դուռը: Բնակարանում այդ պահին գտնվում էր 37-ամյա տնային տնտեսուհի Լարիսա Միխայլովնա Կուպրեևան ու նրա երեքամյա որդին: Նեյլանդը զանգել է դուռը ու ներկայացել որպես փոստատար, որից հետո Կուպրեևան նրան ներս է հրավիրել: Համոզվելով, որ, բացի կնոջից ու երեխայից, տանը ոչ ոք չկա, հանցագործը կողպել է դուռն ու սկսել է հարվածել Կուպրեևային կացինով: Որպեսզի հարևանները չլսեին կնոջ աղաղակները, նա միացրել էր տանը գտնվող ձայնարկիչն ու բարձրացրել ձայնը: Երբ Կուպրեևան դադարեց կենդանության նշաններ ցույց տալ, Նեյլանդը կացինով սպանեց նաև երեխային: Սպանություններից հետո հանցագործը տակնուվրա արեց բնակարանը, կերավ գտած ողջ սնունդը: Նա տնից վերցրեց գումար ու լուսանկարչական ապարատ, որով լուսանկարել էր սպանված կնոջն անպարկեշտ դիրքերով: Այդ լուսանկարները նա նախատեսում էր հետագայում վաճառել: Հետքերը մաքրելու համար Արկադի Նեյլանդը դուրս գալուց առաջ միացրեց խոհանոցի գազօջախն ու այրեց սենյակի փայտե հատակը:

Սպանության գործիքը՝ կացինը, նա թողեց հանցագործության վայրում:

Հարևանները, զգալով հրդեհի հոտը, հրշեջներին կանչեցին: Շնորհիվ նրա, որ հրշեջներն արագ տեղ հասան, հանցագործության վայրը շատ չէր տուժել: Վայրում հայտնաբերված մատնահետքերի ու վկաների, որոնք Նեյլանդին այդ գիշեր տեսել էին, խոսքերի շնորհիվ նա Սուխումիում բռնվեց հունվարի 30-ին:

Նեյլանդի գործը

Արկադի Նեյլանդն արդեն առաջին հարցաքննությունների ժամանակ խոստովանեց իր մեղքն ու օգնեց իրականացնել հետաքննությունը: Ըստ քննիչների՝ նա ինքնավստահ էր, հաճելի շատերի համար: Սպանության մասին հանգիստ տոնով էր պատմում, առանց հուզմունքի: Խղճում էր միայն երեխային, սակայն արդարացնում էր իր հանցագործությունը նրանով, որ այլ ելք կնոջ սպանությունից հետո ուղղակի չի ունեցել: Պատժից չէր վախենում, ասում էր, որ նրան՝ որպես անչափահասի, «ամեն ինչ կներեն»:

Նեյլանդի գործով դատավճիռը, որն ընդունվեց 1964-ի մարտի 23-ին, անսպասելի էր բոլորի համար․ 15-ամյա դեռահասին մահապատժի դատապարտեցին, որը հակասում էր ՌԽՖՍՀ-ի օրենսդրությանը: Հասարակությունում այս դատավճիռը ոչ միանշանակ ռեակցիա առաջացրեց: Մի կողմից հանցագործության դաժանությունից բարկացած մարդիկ առավել դաժան պատժի էին սպասում, իսկ մյուս կողմից՝ ինտելիգենտներն ու իրավաբանները բացասական արձագանքեցին այս երևույթին, քանի որ այն չէր համապատասխանում օրենսդրությանն ու միջազգային պայմանագրերին:

Գոյություն ունի լեգենդ, համաձայն որի՝ Բրեժնևը դիմել է Խրուշչովին խնդրանքով, որ Արկադի Նեյլանդի պատիժը փոխարինեն ազատազրկմամբ, սակայն խիստ մերժում է ստացել: Համաձայն մեկ այլ լեգենդի՝ Լենինգրադում երկար ժամանակ չէին կարողանում պալաչի գտնել, քանի որ ոչ ոք չէր ցանկանում դեռահասին գնդակահարել:

1664-ի օգոստոսի 11-ին Արկադի Նեյլանդը մահապատժի ենթարկվեց Լենինգրադում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել