Հասարակության համար անհանդուրժելի է, երբ քաղաքական գործիչը իրավիճակին լիովին չտիրապետելու կամ մի այլ պատճառով ճիշտ չի ներկայացնում իրականությունը։ Եթե քաղաքական գործիչը կամ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ Արցախի խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, ցանկացած աչք ունեցողի համար ակնհայտ է, որ նա մեղմ ասած, պարզապես չի գիտակցում խնդիրը և ընդամենը կրկնում է եվրոպական դիվանագետների խոսքը, որը նրանց համար սոսկ հայտարարություն է, իրականությունը շղարշելու միջոց։ Ինչպե՞ս են նման գործիչները պատկերացնում խաղաղությունը․ մեր երկրի կողմից զիջվում է որոշ շրջաններ և անվերապահ կնքվում է հարատև խաղաղությո՞ւն․․․ Եթե նման հայտարարություն արվեր հարևանի ականջների համար, գուցեև դա մասամբ հասկանալի լիներ, բայց մեր հասարակությունը պետք է ճիշտ պատկերացնի իրավիճակը, և հասկանա, որ մեր երկիրը դատապարտված է հավերժական պատերազմի, քանի դեռ հակառակորդի կրակակետերը և խրամատները այդքան մոտ են։ Բանիմաց ղեկավարը օր առաջ պիտի պահանջի, որ հակառակորդը հեռացնի իր կրակակետերը, քանզի դա սպառնալիք է իր ազգային անվտանգությանը և հակասում է խաղաղության հաստատմանը, և քանի որ հակառակորդը դա չի անելու, ուրեմն մնում է միակ ելքը․ ոչնչացնել այդ կրակակետերը, որտեղից խախտվում է մեր սահմանների անդորրը․․․ Բազմիցս նշվել է, որ երկրի բոլոր մարզերում պետք է ստեղծել հինգ հարյուրական դեսանտային խմբեր, որոնք հեռու չեն լինի իրենց բնակավայրերից, կստանան երկու հարյուր կամ գուցեև ավել աշխատավարձ և անհրաժեշտության դեպքում կմեկնեն սահման․․․ Տարեկան ընդամենը երկու հարյուր միլիոն դոլարով կարելի է ստեղծել լիարժեք <<բանակ>>․․․ Միանգամից լուծվում է երկու գլխավոր հարց․ երկրի <<պաշտպանություն>> և հիսուն - վաթսուն հազար աշխատատեղ․․․ Եթե վերահսկվի ամբողջ տնտեսական դաշտը՝ եկամտահարկը մինչև 15 տոկոսի դեպքում, բյուջեն կարող է հասնել մինչև չորս-հինգ միլիարդի, նախկին երկուսի փոխարեն։ Հասկանալի է, որ ոմանք չափազանցված կհամարեն այս թվերը, բայց պետությունը պետք է ձգտի դրան․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: