Պատմության ընթացքում Երկիր մոլորակում շատ քաղաքակրթություններ են գոյություն ունեցել, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ ներդրումն ու ազդեցությունն է ունեցել համաշխարհային պատմության զարգացման ու մարդկության մշակույթի վրա: Դրանցից ամենահայտնին մայաներն են, որոնք ստեղծել են յուրօրինակ գիր, արվեստ, ճարտարապետություն, մաթեմատիկա և աստղային համակարգ, այնուհետև անհետ կորել են:

Որոշ երկրներում՝ Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում, Հոնդուրասում պահպանվել են մայաների կողմից կառուցված ճարտարապետական հուշարձաններ: Այդ զարմանալի գլուխգործոցներից մի քանիսը ցանկանում ենք Ձեզ ներկայացնել: Սա, օրինակ, հնագույն քաղաք Չիչեն Իցան է, որը գտնվում է Յուկատան թերակղզու հյուսիսում: Այն Մեքսիկայի ամենահայտնի տեսարժան վայրերից է:

Ենթադրվում է, որ այն հիմնվել է մեր թվարկության VII դարում՝ մայաների մշակույթի ծաղկման գագաթնակետի ժամանակ: Այստեղ Կուկուլկանայի՝ քամու ու անձրևների երկնային աստծո, արքայական դինաստիաների ու խոշոր քաղաքների «հիմնադրի» պատվին կառուցվել է 30 մ բարձրություն ունեցող բուրգ, որը կոչվում է «Կուկուլկանայի տաճար»: Կառույցի 30 մ-ից 24 մ-ը բուրգն է կազմում, իսկ մնացած 6 մ-ը՝ գագաթին գտնվող տաճարը: Կառույցի յուրաքանչյուր կողմի երկարությունը 55 մ է, իսկ տաճարի ամեն մի կողի վրա 9 աստիճան կա:

Սա ոչ միայն ճարտարապետական գլուխգործոց է, այլ՝ նաև աստղագիտական: Կառույցի չորս աստիճանաշարերից յուրաքանչյուրը 91 աստիճան ունի, իսկ դրանց ընդհանուր գումարային թիվը հավասար է 364-ի: Բուրգի գագաթին գտնվող հիմք-պլատֆորմի հետ միասին, որը իրար է միացնում չորս աստիճանաշարերը, այդ թիվը հասնում է 365-ի, որն էլ նույնն է, ինչ արեգակնային տարում օրերի թիվը:

Խորհրդանշական է նաև կառույցի յուրաքանչյուր պատի 52 քարե ռելիեֆները, որոնք խորհրդանշում են օրացույցային մեկ ցիկլը, որը ներառում է 52 տարի: Բուրգի գագաթին չորս մուտք ունեցող ոչ մեծ տաճար կա, որտեղ զոհաբերություններ են իրականացվել:

Կուկուլկանա աստծուն մայաները պատկերացրել են թևավոր օձի տեսքով, որը մարդկային գլուխ է ունեցել: Այդ պատճառով էլ ամեն տարի աշնանային ու գարնանային գիշերահավասարներին այս աստծուն նվիրված տաճարում կարելի է տեսնել «Թևավոր օձին» Ձեր իսկ աչքերով: Մարտի 20-ին ու սեպտեմբերի 22-ին մոտավորապես ցերեկը ժամը 3-ին արևի ճառագայթները լուսավորում են գլխավոր աստիճանաշարի արևմտյան սալիկապատն այնպես, որ լույսն ու ստվերը տեսողական խաբկանք են ստեղծում. առաջանում է երեսունյոթ մետր երկարություն ունեցող օձ, որը շարժվում է այնպես, որ արևի լույսն անդադար նրա գլխին է լինում: Այս յուրահատուկ բնական-ճարտարապետական «շոուն» ամեն տարի հազարավոր հանդիսատեսների է հավաքում և Չիչեն Իցան դարձնում է Մեքսիկայի ու ողջ աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

Բացի Կուկուլկանայից՝ Չիչեն Իցայում պահպանվել են նաև գնդակով խաղերի 7 «մարզադաշտեր», սյունաշարերի մնացորդներից կազմված հսկայական ուղղանկյուն, ջրհոր և շատ այլ հետաքրքիր օբյեկտներ: Հնագույն քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ, իսկ 2007-ին ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել