Հուլիսի 13-ին Լոնդոնում նախատեսվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպումը, որին ընդառաջ քաղաքացիների մի խումբ անակնկալ է պատրաստվել։

Նախաձեռնողները 18,000 ֆունտ ստերլինգ են հավաքել, որով պատրաստել են 6 մետր բարձրություն ունեցող թռչող օդապարիկ՝ երեխայի մարմնով Թրամփի տեսքով։ «Բարկացած երեխա՝ փխրուն երեսով ու փոքրիկ ձեռքերով»․ այսպես են նրանք բնութագրում հելիումով լի փուչիկին։

Քաղաքացիական նախաձեռնության հեղինակները դիմել էին Լոնդոնի քաղաքապետարան, որպեսզի թույլտվություն ստանային։ Որքան էլ անսպասելի էր, քաղաքապետ Սադիկ Խանը տվել էր իր թույլտվությունը։
Մամուլի ներկայացուցիչները դիմել են Սպիտակ տանը՝ ստանալու նրանց արձագանքը։ Մինչ այդ «Միացյալ Թագավորության անկախություն» կուսակցության նախկին ղեկավար Նիգել Ֆարաջը Twitter-ում գրել է․ «ԱՄՆ գործող նախագահի նկատմամբ երբևէ ամենավիրավորականն բանն է սա»։

Նախատեսվում է, որ Թրամփի արտաքինով փուչիկը հուլիսի 13-ի առավոտյան Լոնդոնի օդում կսավառնի երկու ժամ շարունակ։



