Ամերիկացի հանրահայտ ռեփեր Թուփաք Շակուրին սպանել է նրա զարմիկ Օրլանդո Անդերսոնը: Այս մասին Daily Mail-ին հայտնել է նախկին թմրավաճառ Դուեյն Քիթ Դևիսը, ով առավել հայտնի է որպես Քիֆ Դի:
Մինչ օրս միայն հայտնի էր, որ ռեփերին սպանել են 1996 թվականին:
Ըստ Քիֆ Դիի խոսքերի՝ Անդերսոնը Թուփաքին սպանել է անձնական վեճ ունենալու պատճառով. ռեփերն իր ընկերների հետ մինչ այդ ծեծի էր ենթարկել իր զարմիկին, քանի որ վերջինս փորձել էր Թուփաքի թիմի անդամներից մեկից գողանալ հանցախմբի մեդալիոնը:
Քիֆ Դին խոստովանել է, որ որոշել է ամեն ինչ հայտնել բոլորին հենց այս պահին, քանի որ հիվանդ է քաղցկեղով ու այլևս «կորցնելու ոչինչ չունի»:
«Մարդիկ արդեն 20 տարի է՝ հետապնդում են ինձ: Ես ճշմարտությունն եմ ցանկանում»,- ասել է նախկին թմրավաճառը:
Դուեյն Քիթ Դևիսի հետ ունեցած հարցազրույցը Netflix-ի փաստավավերագրական սերիալներից մեկի՝ «Չբացահայտվածը. Թուփաքի ու Բիգիի սպանությունը» մի մասն է դարձել:
Թուփաք Շակուրը պատմության ամենախոշոր ու ազդեցիկ հիփ-հոփ արտիստներից մեկն է եղել: Նրա երգերը պատմում են գետոյում ծանր կյանքի, բռնության, թշվառության, ռասիզմի ու ժամանակակից հասարակության խնդիրների մասին:
Թուփաքին անհայտ մեկը կրակել էր սեփական ավտոմեքենայի մեջ 1996 թ. սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում: Դեպքից քիչ ժամանակ անց տեղի հյուրանոցներից մեկի տեսախցիկները նկարահանել են ռեփերի վեճը Օրլանդո Անդերսենի հետ:
Մի քանի օր շարունակ բժիշկները ջանք ու եռանդ չէին խնայում ռեփերի կյանքը փրկելու համար, սակայն ամենն ապարդյուն էր: 1996 թ. սեպտեմբերի 13-ին Թուփաքը մահացավ վերակենդանացման բաժնում: Նա 25 տարեկան էր: