Հետընտրական թոհուբոհը մարսում ենք ահավոր մեծ խուճապով: Հասարակությունում իսկապես խուճապ է: Այսօր չկա մի քաղաքացի, ում չմտահոգի գազի թանկացումը: Տնտեսագետ պետք չէ լինել հասկանալու համար, թե ինչ կկատարվի հետո, եթե անգամ կառավարությունը գնա զիջման ու անգամ, եթե գազի վարձավճարը թանկանա 30%-ով: Սկսած գյուղմթերքից, վերջացրած տրանսպորտով ամեն ինչ կթանկանա: Հայռուսգազարդի հայտարարած 64%-ի շուրջ իշխանությունների քայլերը միայն ֆարս են: Դեռ նախորդ տարվա վերջից հասարակությունը սպասում էր, որ գազը կթանկանա ու թանկացավ՝ իհարկե ընտրություններից հետո: Այ սա է մեր իշխանությունների իրական դեմքը: Մեր իշխանությունները կրկին ցույց տվեցին, որ թքած ունեն ժողովրդի վրա, «կընտրվեն» ու հետո կանեն: Մեր իշխանություններին արդյո՞ք չի մտահոգում այն հանգամանքը, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 80%-ը պատկանում է «Գազպրոմին», թալանում է իր երկրի քաղաքացիներին: Դեռ մինչ այս պահը «Հայռուսգազարդը» 1000 խորանարդ մետր գազը սահմանից գնում է 180 դոլարով, բայց բնակչին վաճառվում է 320 դոլարով... Պարզ հաշվարկ՝ այսօր 1 դոլարը արժե 412 դրամ, հետևաբար 180X412=74160 դրամ: Ահա այն գումարը, որ ՀՀ դրամով «Հայռուսգազարդը» գնում է գազը: Հասարակ քաղաքացին գազի մեկ խորանարդը գնում է 132 դրամով, այսինքն 1000 խորանարդ մետրի համար վճարում է 132 000 դրամ, որը եթե վերածենք դոլարի այսօր գործող փոխարժեքով ստացվում է 320 դոլար... Հարց՝ ինչու է կառավարությունը թույլ տալիս այդ ընկերությանը գրպանել ամեն 1000 խորանարդ մետրից մոտ 58000 դրամ: Ինչու՞ իրանյան գազատարը վաճառվեց այս թալանչի ընկերությանը, ինչո՞ւ է այս ոլորտում բացարձակ մենաշնորհ տիրում, որի արդյունքում ՀՀ քաղաքացին հսկայական գումարներ է վճարում, իսկ տնտեսությունը ամբողջովին կախված է մնում մենաշնորհից: Սա՞ է մեր իշխանությունների՝ դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Մեկ բան կարող եմ ասել ՀՀ քաղաքացուն. դու արժանի ես քո իշխանությանը, քանզի գլխիկոր գնում ես ու «ընտրում» նրանց: Ընտրել բառն էլ հատուկ է չակերտների մեջ, քանի որ դու չես ընտրում, այլ ընդունում ես, որ պատրաստ ես նորից վիզդ ծռել ու համակերպվել, որ քեզ խաբեն ու թալանեն, որ հետո ծաղրեն ու ցինիկանան, որ ասեն՝ գնում են՝ թող գնան՝ հեղափոխություն չանեն: Ինչ ցանել ես, էն էլ կհնձես...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10201250737694561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել