Այսօր կայացավ «Միսս հայուհի» մրցույթի առաջին փուլը, որի ժամանակ ընտրվեց «Միսս տիեզերքի» հայաստանյան ներկայացուցիչը։ BlogNews-ը ներկա է եղել մրցույթին և ներկայացնում է մանրամասներն ու հաղթող մասնակցին։
Այսպիսով` Հայաստանը մրցույթում կներկայացնի Էլիզա Մուրադյանը։ 25–ամյա աղջիկն Էջմիածնից է, սովորել է Բժշկական համալսարանում, մասնագիտությամբ մաշկաբան է։ «Միսս տիեզերքի» 66 տարվա պատմության ընթացքում Հայաստանը ներկայանալու է մրցույթում, ինչը «Միսս հայուհու» կազմակերպիչ Գոհար Հարությունյանը մեծ առավելություն է համարում։
Գեղեցկության մրցույթի հաղթողին ընտրած ժյուրին կազմված էր 5 հոգուց։ Նրանք էին` հագուստի մոդելավորող Գևորգ Շադոյանը, ոճաբան Արմեն Երիցյանը, Farell ապրանքանիշի հիմնադիր Գոռ Հարոյանը, վարսահարդար Գնել Դողոմոնյանը և հագուստի մոդելավորող Արամ Նիկոլյանը։
Այսօրվա արդյունքներով՝ 2-րդ տեղը զբաղեցրեց Հռիփսիմե Սարգսյանը, 3-րդը` Աննա Լոռեցյանը, 4-րդը՝ Մերի Եփրեմյանը, 5-րդը` Սոնա Սարգսյանը։ Սա, թերևս, թույլ է տալիս պատկերացում կազմել ժյուրիի ֆավորիտների մասին։
Մրցույթի երկրորդ փուլը կկայանա հուլիսի 8-ին։ Այդ օրը կընտրվի «Միսս հայուհին», ով էլ Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթում։ Հուլիսի 8-ին Էլիզան մրցույթին կհետևի հանդիսատեսի շարքերից։ Նա իրավունք չունի պայքարելու հաղթանակի համար, քանի որ «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներն անցկացվում են նույն ժամանակահատվածում, ներկայացուցիչները պետք է լինեն տարբեր մարդիկ։

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի



