Tert.am-ը գրում է․

Կրթության և գիտության նախարարությունը վերջերս կոչ է արել հայաստանյան բոլոր հեռուստաալիքներին իրենց եթերացանցերում կրթական հատուկ ծրագրեր ունենալ նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների համար:

«Արմենիա» հեռուստաընկերությունը նախաձեռնել է մի այդպիսի նախագիծ, որը երեխաներին կծանոթացնի հայոց պատմության ու դիցաբանության հերոսներին:

Նախագծի գաղափարին, անդրանիկ մուլտֆիլմի ստեղծման պատմությանը և հետագա պլաններին անդրադարձել է «Արմենիա TV»-ի «Ժամը» լրատվականը։

Նախագծի առաջին մասը Հայկի ու Բելի առասպելն է: Մուլտհերոսներն արդեն խոսում են, իհարկե հայերեն, հետագայում կխոսեն նաև օտար լեզուներով:

Նկարիչ Լևոն Աբրահամյանը մուլտֆիլմի ամեն մի կերպարի վրա աշխատել է երկար ու մանրակրկիտ: Կարևոր են բոլոր դետալները, ամեն մի կերպարի շարժումները, հագուստի գույնն ու դեմքի արտահայտությունը:

«Ամբողջությամբ ուսումնասիրել ենք դարաշրջանը, թե մարդիկ ինչպիսին են եղել այդ ժամանակաշրջանում»,– նշում է նկարիչը։

Հայկական նոր անիմացիոն նախագծի հեղինակն ու ռեժիսորը՝ Վահագն Խաչատրյանը, վեց ամիս սպասել է, որ հայկական դիցաբանության ամենավառ պատմություններից մեկը դառնա մուլտֆիլմ:

Հեղինակի խոսքով՝ մուլտֆիլմում գործածվել են «սարյանային», ասես նկարչի կտավներից վերցված գույներ։

Նախագծի հեղինակների գլխավոր նպատակը վառ, հետաքրքիր ու որակյալ անիմացիոն կրթական մուլտֆիլմ ստեղծելն էր: Հայոց պատմության ու դիցաբանության հերոսների մասին պատմող մուլտերից «Հայկն ու Բելը» առաջինն է, կլինեն ևս 11 էպիզոդներ` Նոյի, Սասունցի Դավթի ու մյուս դիցաբանական պատմությունների հիման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել