Հայերն իրար ծանոթանալուց միշտ հետաքրքրվում են, թե որտեղացի են` ապարանցի, լոռեցի, ղարաբաղցի, կամ պարսկահայ, սիրիահայ, ֆրանսահայ, մինչև անգամ մանրամասներով` յոնջլախցի, երրորդմասցի, չորորդգյուղցի, օշականցի, քեսաբցի, կամ փերիացի: Գիտնականները կասեն, որ այսպես ստացվել է պատմականորեն` ռեգիոնալիզմը արդյունք է պետականության երկարատև բացակայության, որ դա կանցնի ժամանակի ընթացքում` պետականության ամրապնդման ու համահայկական ինքնագիտակցության վերելքի արդյունքում, որ ռեգիոնալ հանրույթները ազգային օրգանիզմի բաղկացուցիչ ու անհրաժեշտ տարրեր են, որ դրանք հարստացնում են մեր մշակույթը` հատկապես հարուստ նյութ են տալիս անեկդոտների համար, որ պետք չէ ցավագին ընդունել ու նույնիսկ հանկարծ պայքարել դրա դեմ, ակամայից ամրապնդելով այդ երևույթը: Բայց կա մի տարածք, որտեղի ռեգիոնալիզմը նույնիսկ գիտնականների կողմից, այլ կերպ քան դրական երևույթ չի կարող բնորոշվել:
Քաշաթաղը հետաքրքիր միավորող հատկություն ունի, այստեղ մարտունեցիները, քյավառցիները, ապարանցիները, սիրիահայերը, ինչպես նաև յոնջլախցիները, երրորդմասցիները, մասիվցիները հավաքվել են, միավորվել են, հայացնելու մի տարածք, որն ավելի քան երեք դար առաջ էր հայաթափվել: Դրա հետ մեկտեղ ձևավորվել և ձևավորվում է նոր հանրույթ` քաշաթաղցի, որը միավորող է, այլ ոչ տարանջատող, ինտեգրող է և ինտեգրվող, վերռեգիոնալ է և նորռեգիոնալ: Քաշաթաղում մենք ունենք ընդհանուր ազգային նպատակի շուրջ գիտակցված կամ ակամայից միավորված մի հանրույթ, որը պարտադրված է ունենալու ռեգիոնալ ինքնագիտակցությունից վեր գտնվող, միայն ազգային ինքնագիտակցություն, քանի որ այլ կերպ ուղղակի հնարավոր չէ ապրել հայերի այս խառնարանում, որտեղ անընդհատ ինչ որ բան փոխվում է, որտեղ ամեն ինչ շարժվում է ու զարգանում, որտեղ բոլոր անհատները աշխույժ պայքարում են հասարակության մեջ իրենց տեղն ու դերը ամրապնդելու, ինքնահաստատվելու համար, որտեղ ճանաչվում ու յուրացվում է ամեն մանրամասներով Հայրենիքը, որտեղ գիտակցվում է նրա ընդլայնման անհրաժեշտությունը և իրականացվում է այն: Միայն համազգային նպատակն է, որ այստեղ կարող է լինել միակ չափանիշը, առանցքը, որով որոշվում է լավն ու վատը, օգտակարն ու վնասակարը, դրականն ու բացասականը: Այնպես որ հպարտությամբ ասենք.
Մենք քաշաթաղցի ենք



