Մեդիահարթակում բավականին պասիվ անդրադարձ եղավ և մի տեսակ «մատների արանքից» նայվեց հարևան երկրում գիշերը տեղի ունեցած էներգետիկ միջադեպին:
Հայտնի դարձավ, որ Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել են խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր: Գիշերը հոսանքից զրկված են եղել նաև Բաքվի ռազմական բազան, հիվանդանոցները, մետրոն, օդանավակայանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զանգվածային հոսանքազրկման պատճառը Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարն է եղել:
Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:
Ըստ լուրերի՝ առանց լույսի է մնացել ողջ երկիրը, էլեկտրականության մասսայական անջատման պատճառը Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարն է՝ պայթյունի ուղեկցությամբ: Հոսանքազրկված քաղաքների շարքում էին նաև Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան, Զագաթալան և այլն:
Ժամեր անց միայն նշված քաղաքների, այդ թվում՝ և Բաքվի որոշակի շրջանների էլեկտրականությունը վերականգնվել է:
Կատարվածը բավականին զավեշտալի է հատկապես այն առումով, որ այս ամենը կատարվում է իրեն էներգետիկ լուրջ պաշարներ համարող երկրում, որը միջազգային հանրությանը փորձում է ամեն կերպ ներկայանալ լուրջ, օրինակելի կոմունիկացիոն հնարավորություններով ու զարգացող տնտեսությամբ:
Մի երկիր, որն անգամ մի քանի «տրանսֆորմատորի» համակցված աշխատանքը հստակ ի վիճակի չէ կազմակերպել ու կարգավորել, արդյոք ի վիճակի՞ է և կարո՞ղ է արդյոք խոսել ամբիցոզ ռազմական նկրտումների ու լուրջ ստրատեգիական պլանների մասին, առավել ևս՝ մարտական նկրտումներ ունենալ: Սա մարազմ է. սեփական երկրի ներսում էներգոմատակարարման սնուցման հասարակ վթարը հանգեցնում է էներգետիկ լուրջ կոլապսի:
Այս ամենից կարելի է կոնկրետ եզրահանգումներ անել և հնարավոր մարտական գործողությունների ժամանակ որպես թիրախային նշակետ նկատի ունենալ Մինգեչաուրի գործոնը. մեկ հարվածով կարելի է լիկվիդացնել երկրի զգալի գատվածի ողջ կոմունիկացիան: