Այսօրվանից «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկնարկում է «Այրված անուրջներ» նոր հեռուստասերիալը, որտեղ խաղում են Կարեն Ասլանյանը, Մարիամ Ալեքսանյանը, Ժաննա Բուտուլյանը, Յուլյա Ֆինկը, Տիգրան Ներսիսյանը, Անի Պետրոսյանը, Սուրեն Առուստամյանը և այլք։ BlogNews.am-ը հեռուստանովելի մեկնարկին ընդառաջ զրուցել է գլխավոր դերակատար Կարեն Ասլանյանի հետ ու բացահայտել սցենարային որոշ մանրամասներ:

Պատմության առանցքում ուսանող ընկերներն են, սիրային եռանկյունի է ձևավորվում Կարեն Ասլանյանի, Մարիամ Ալեքսանյանի և Ժաննա Բուտուլյանի հերոսների միջև։ 

Սցենարական առումով դերասանի համար առաջնայինը գրավիչ ու հետաքրքիր սցենարի առկայութունն է. «Կարճատև դադարից հետո առաջարկ ստացա հեռուստասերիալից և ընտրվեցի գլխավոր հերոսի կերպարում: Մարմնավորում եմ Լևոնին: Բավականին հետաքրքիր հեռուստասերիալ է, կարծում եմ՝ փոքր-ինչ տարբերվում է մյուս սերիալներից, ինչն էլ ինձ գրավեց իր զարգացումներով, ու կերպարը, որը ես կերտում եմ, ունի ընթացք, որի ժամանակ Լևոնը հասունանում է ու դառնում ավելի պատասխանատու մարդ, ինչն ինձ խաղալու տեղ է տալիս»:

35296897_467187163705125_9075639047501643776_o

Կերպարները, որոնք սովորաբար մարմնավորում է դերասանը, ապահովված ընտանիքի երիտասարդներ են լինում, ովքեր կյանքում գրեթե քիչ խնդիրներ են ունենում: Ու չնայած դրան՝ Կարենը միշտ գտնում է այն ինքնատիպ ձևը, որով հանդիսատեսին ներկայանում է նորովի․ «Այնպես է ստացվում, որ, իրոք, իմ բոլոր կերպարները ֆինանսապես ապահովված են լինում, բայց ես դրանից չեմ կաշկանդվում, այլ հակառակը՝ կարծում եմ՝ դա ինձ օգնում է։ Եթե «Առաջնորդներում» Արամիկ խաղալով ընդհանրապես չէի մտածում կոմպլեքսների մասին, ապա «Դեպի երազանք»-ում Արման խաղալիս կաշկանդված էի, որովհետև կերպարն էր այդպիսին: Լևոնը մեկ այլ հարթության վրա է: Որպես տղամարդ՝ փոքր-ինչ կայանալու խնդիր ունի: Իսկական հայ տղայի կերպարում է, բայց կան խնդիրներ, որոնք պետք է հասունացնել, ինչն էլ ստիպում է կերտել նոր կերպար, ինչն ինձ համար գերխնդիր է, որպեսզի չնմանվի մյուսներին»:

Հեռուստասերիալը մեկնարկում է Լևոնի և Սոնայի հարսանիքով, որը, սակայն, չեղյալ է համարվում։ Թե ինչու, դերասանը չի բացահայտում, որպեսզի հեռուստադիտողների համար առավել հետաքրքիր լինի. «Հեռուստասերիալի հիմնական խնդիրը հենց հասարակության կարծիքն է, համացանցային իրականությունն ու մարդկանց չկամությունը դեպի սիրող զույգերը, որը բերում է բաժանության: Ամբողջ սերիալի կոնֆլիկտը հենց դա է՝ արդյոք նրանք կվերամիավորվե՞ն: Եվ նրանք, ովքեր ստեղծեցին այդ իրավիճակը, արդյոք կպատժվե՞ն, թե կհասնեն իրենց նպատակին: Հեռուստասերիալը կառուցված է սիրո ու բաժանության հիմքերի վրա: Մեծ նշանակություն ենք տվել համացանցին ու այնտեղ կատարող իրադարձություններին, որոնք իրենց արտացոլքն են ստացել մեր հեռուստասերիալում: Անակնկալ հանգուցալուծումներ են սպասվում սցենարային առումով»:

35363363_1710233922428314_1669409180424863744_nԴերասանը գրեթե միշտ նաև փեսայի կարգավիճակում է հայտնվում: Կարենից հետաքրքրվեցինք՝ արդյոք նրան ապագայում կտեսնե՞նք որպես փեսացու. «Ես միշտ նշել եմ, որ ցանկալի փեսացու լինելն ինձ համար գերխնդիր չի եղել, ու չեմ մտածել ընտրյալ չունենալ, որ ինձ հետևող մարդիկ հանկարծ չպակասեն: Ինձ համար կյանքում առաջնայինն այն է, որ իմ կողքին հայտնվի մեկը, ում ես կսիրեմ ու փոխադարձ կլինեմ սիրված: Քանի որ դեռ չեմ հանդիպել այդ մեկին, չեմ կարող ասել՝ երբ կլքեմ ցանկալի փեսացուների շարքը»։

Խոսելով ստեղծագործական կազմի և նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտի մասին՝ Կարենը շեշտում է. «Ես իմ հեռուստատեսային կարիերան սկսել եմ «Շանթ» հեռուստաընկերությունից և հիմա նորից վերադարձել եմ հարազատ հեռուստաընկերություն: 2013 թվականն էր, երբ առաջին գլխավոր դերս մարմնավորեցի՝ «Անցյալի ստվերներում» Տիգրանի կկերպարը, որով ինչ-որ չափով հայտնիություն ձեռք բերեցի: Շնորհակալ եմ «Շանթին» ինձ համար մասնագիտական ուղի հարթելու համար: Չնայած այդ ընթացքում այլ առաջարկներ ևս կային, բայց երբ ստացա առաջարկ ինձ հարազատ հեռուստաալիքից, չկարողացա մերժել: Դրան նպաստեց նաև տարբերվող սցենարը: Աշխատանքային մթնոլորտը բավականին լավն է, չկա լարվածություն, նախանձություն»:

Խաղընկերներից շատերի հետ երկար տարիների ծանոթություն և կուտակած փորձ կա․ «Ժաննան ու ես վաղուց ենք իրար ճանաչում, ու սա առաջին փորձը չէ միասին խաղալու: Մեզ մոտ կես խոսքից է ամեն ինչ դասավորվում:  Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Մարիամ Ալեքսանյանի հետ նույնպես ամեն ինչ հեշտ է ստացվում: Նա շատ լավ դերասանուհի է, ու նրա հետ խաղը բավականին հետաքրքիր է: Կարծում եմ՝ հեռուստադիտողը կհավանի Լևոն-Սոնա զույգին, քանի որ ամեն ինչ անում ենք դրան հասնելու համար»:

35306050_1710239309094442_5765264983743004672_n

Կարենը հոնորարաների առումով այնքան էլ պահանջկոտ չէ, սակայն որոշակի սկզբունքներ, այդուհանդերձ, ունի. «Մեր երկրում կան ստանդարտներ՝ հոնորարների հետ կապված: Ես երբեք չեմ պահանջում ավելին, քան արժանի եմ: Բայց նաև ինձ գնահատելով՝ պահանջում եմ այն, ինչին ինձ արժանի եմ համարում: Այս պահին չէի ուզենա ֆինանսական ինչ-որ տվյալներ բացահայտել, բայց  ես դժգոհություններ չունեմ: Ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով: Աստված առաջ, մեր երկրում ամեն ինչ կարգավորվի ու սկսած տեխնիկական խմբից մինչև ռեժիսոր և դերասաններ բարձրացնեն հոնորարները»:

Դերասանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք իրեն գոհացնո՞ւմ է սերիալային ինդուստրիան. «Եթե համեմատենք տարիներ նախորդ տարիների հետ, բնականաբար, փոփոխությունը դեպի դրականն ակնհայտ է: Կան նոր տեխնիկաներ, մոտեցումն ավելի լուրջ է: Բայց դեռ վաղ է գոհունակություն հայտնելու համար, քանի որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ավելի լավ աշխատի, որ արդյունքը երևա, ու մեր ժողովուրդը վերջնականապես մոռանա թուրքական սերիալների մասին»,- եզրափակեց դերասանը:

35242654_467653283658513_4162034982992216064_o35362292_1710239329094440_6097180550299123712_n34982361_2134537486791361_4447253023701336064_n35298104_1710237715761268_3730136507680292864_n35270228_467202103703631_4525379127355637760_o

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել