Artsakhpress.am-ը գրում է.
Հունիսի 28-ին Արցախի խորհրդարանի լիագումար նիստում ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը հանրային մեծ հնչողություն է ստացել:
Պատգամավորների կողմից թե՛ սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքները, և թե՛ հատկապես Ժ. Գալստյանի կողմից Հ. Խանումյանին ուղղված «գյալմա» (խմբ.՝ թուքերեն բառ, որը նշանակում է եկվոր) արտահայտությունը սոցցանցերում լուրջ քննարկումների տեղիք են տվել:
Թեմայի շուրջ «Արցախպրեսը» «Արցախի հերոս», Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժ. Գալստյանի հետ հարցազրույց է ունեցել:
- Տիկին Գալստյան, երկու օր առաջ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը մամուլում և սոցիալական ցանցերում լայն հնչեղություն ստացավ: Հնարավո՞ր չէր արդյոք, Հայկ Խանումյանի ելույթի վերաբերյալ Ձեր վրդովմունքն ու արձագանքն արտահայտել առանց զգացմունքայնության և հայհոյանքների:
- Անկեղծ ասած, պատերազմից հետո առաջին անգամ է ինձ հետ նման բան պատահում: Ուղղակի նյարդերս տեղի տվեցին: Երևի թե կուտակված էր: Հայկ Խանումյանն անընդհատ Ազգային ժողովի ամբիոնը փորձում է օգտագործել իբրև հանրահավաքի հարթակ` քաղաքական ցինիզմի երանգներով լի ելույթներ ունենալով: Ընդհանրապես, երբ նրա հետ զրուցում եմ, խելացի և գրագետ մարդու տպավորություն է թողնում, բայց հենց որ մոտենում է ամբիոնին և բարձրախոսին, սկսում է զրպարտանքներով և վիրավորանքներով լի կոչեր հնչեցնել: Երևի թե կուտակված բարկությանս պատճառներից է նաև վերջերս նրա ելույթներից մեկում հնչած խոսքերը, երբ նա փորձում էր անջրպետ մտցնել Արցախյան պատերազմի և Ապրիլյան պատերազմի սերունդների միջև: Չի կարելի նման բան: Ի՞նչ կլիներ Արցախյան պատերազմի մասնակիցների հետ, եթե այդ ժամանակ անջրպետ մտցնեինք անցյալի հերոսների և մեր միջև:
- Ի մասնավորի նշեմ, որ մարդկանց հատկապես զայրացրել էր Ձեր կողմից ասված «գյալմա» արտահայտությունը, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ու դա ասում է մի մարդ, ով արցախյան շարժումից սկսած միացումի ու միասնականության կոչերով էր հանդես գալիս և պատերազմի ժամանակ էլ ՀՀ տարբեր հատվածներից եկած բազմաթիվ մարտական ընկերների հետ մարտնչել է Ադրբեջանի դեմ: Ի վերջո, եթե անգամ անզգուշություն է եղել Ձեր կողմից, Դուք պատրա՞ստ եք ներողություն խնդրել այն մարդկանցից, ում վիրավորել եք այդ արտահայտությամբ…
- Իմ նախնիները այժմյան Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղից են: Մեր գյուղում «գյալմա» ասել են թուրքերին: Իսկ ինձնից սպասել, որ ես կարող եմ այդ խոսքի բուն իմաստով վիրավորել որևէ հայի, որ եկել է աշխարհի ցանկացած անկյունից, կհամարեի ամենամեծ անհեթեթությունն իմ մասին: Ես տասնյակ հազարավոր ընկերներ ունեմ և՛Սփյուռքից, և՛ Հայաստանի Հանրապետությունից, և՛ Արցախի Հանրապետությունից, սակայն առանձնակի ակնածանք, սեր և հպարտություն եմ տածում հատկապես այն հայերի հանդեպ, ովքեր հայրենիքի այլ հատվածներից եկել են Արցախ՝ կա՛մ պաշտպանելու այն, կա՛մ բնակվելու, կա՛մ աշխատելու այստեղ: Նրանք ինձ համար հավասարապես հայ և Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, եթե կուզեք՝ մի բան էլ ավելին, քանի որ կամովի ընտրությամբ են իրենց կյանքը կապել մեր հայրենիքի արցախյան հատվածի հետ: Երևի իմ սխալն այն բանում է, որ ես միշտ լուռ եմ մնում, և ինձ թվում է, թե բոլորն ամեն ինչ գիտեն: Մոռանում եմ, որ սերունդներ են փոխվել: Ես Արցախը Հայաստանին միացնելու առաքելությանը լծվել եմ 1960-ական թվականներից՝ 16 տարեկան հասակում: Արցախյան շարժմանն ու պատերազմին ակտիվորեն մասնակցել եմ մի հիմնական՝ մեկ հայրենիքի երկու հատվածներն իրար միացնելու նպատակով: Հիշում եմ՝ 1990-ականներին երեխաներն, ովքեր փողոցում ինձ տեսնում և ուզում էին դիմել, սակայն անունս չգիտեին՝ դիմում էին «Միացում ծյոծյա»: Ավելին՝ միշտ (այդ թվում՝ պատերազմի տարիներին) պայքարել եմ բոլոր այն փորձերի դեմ, որոնք միտված էին տարանջատել հայության այս կամ այն հատվածներն իրարից, առավել ևս՝ Արցախը՝ Հայաստանից: Դրա մասին կարող են վկայել իմ բազմաթիվ մարտական ընկերները: Իմ կյանքի նպատակը եղել և մնում է ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստանի կերտումը... Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս:
- Իսկ Հայկ Խանումյանի հետ պատրա՞ստ եք վերականգնել Ձեր հարաբերությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել