Այս պահին պետության համար մեկ խնդիրը բանակային կարգապահությունն է, ՊՆ հրամանատարական կազմում իսկական մարտական, փորձառու, ժամանակակից զենքերից և տակտիկայից խոր գիտելիքներվ օժտված գեներալների ներգրավումը, վերազինումը նորագույն զենքերով և ամենօրյա զինավարժությունները․․․ Ի տարբերություն ապրիլի՝ այսօր թուրքական բանակի զինվորներն են կանգնած սահմանի այն կողմում, որոնք իրենց փորձն ու գիտելիքները ձեռք են բերել ՆԱՏՕ-ի կազմում։ Չնայած Կասպից, Միջերկրական կամ նույնիսկ տիեզերքից արձակված մի քանի հրթիռներով կարելի է փոխել ցանկացած մարտի ելքը, և սա խոսում է այն մասին, որ անմտություն է այսօր մեծախոսությունը ոչ միայն մեզ համար, այլև հակառակորդի․․․ Սա նշանակում է, թե որքան կարևոր է պետության կողմից իրականացվող քաղաքականությունը։ Նրանք, ովքեր չեն կարողանում պատկերացնել, թե ինչ հզորության են տիրապետում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի և Չինաստանի բանակները, պետք է հասկանան, որ դա իրենց անձնական խնդիրն է, բայց երբ նրանք փորձում են իրենց ծանծաղամտությամբ քաղաքականություն պարտադրել պետությանը, դա արդեն վերաճում է ազգային խնդրի, իսկ այդ մարդկանց համար՝ անձնական ողբերգության․․․ Ցանկացած պետության կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունն այն բացառիկ միջոցն է, որը հնարավորություն է տալիս ոչ թե խուսափելու պատերազմից, այլ նաև ժամանակ շահելու, բանակն էլ ավելի հզորացնելու համար, քանզի բոլոր ժամանակներում պատերազմներն ընդամենը եղել են ժամանակի հարց․․․ Ընդհանրապես, պետությունն իր արտաքին քաղաքականությումբ պետք է կարողանա ստեղծել իրեն ձեռնտու հանգամանքներ և քաղաքական իրավիճակ, և հենց դա էլ ցույց է տալիս, թե ինչով են զբաղված պետության գործիչները և ինչքանով են ընկալում պետության առջև ծառացած խնդիրներին։ Պետական գործիչն իրավունք չունի խաբելու հասարակությանը և շարունակ խոսելու խաղաղությունից։ Ինչպես խաղաղությունը, այնպես էլ պատերազմը մարդկային գոյության ձևեր են։ Խաղաղություն լինում է միայն մի դեպքում, երբ պետությունը ցանկացած պահի պատրաստ է երկարատև ու լայնածավալ պատերազմի․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: