Ինձ հաճախ են ասում.
-Քեզ համար հեշտ է, դու մայր չես տեսել, ուրիշ բան է, որ ունես ու կորցնում ես:Նման մարդկանց հետ զուր է լեզու թրջելը, ուր մնաց վիճել: Նման մարդիկ չգիտեն՝ ինչ է որբությունը, անտուն լինելը, օտարված լինելը:
Որբություն:
Քեզ ճաշակողը ճաշակում է կյանքի դառը գավաթից, քո մեջ ամփոփվում է թախիծ, կարոտ, մերկություն: Զուր չէ, որ հաճախ որբությունը նմանեցնում եմ աշնան, անձրևի: Որովհետև երբ փոքր էի, նոյեմբերյան մի երեկո, երբ դաշտում մենակ էի, սկսեց անձրև տեղալ մեղմ և համաչափ, փորձեցի պատսպարվել սակավատերև ծիրանենու տակ, սկսեցին անձրևի կաթիլների ծանրությունից պոկվել տերևները: Կյանքում առաջին անգամ մտածեցի որբության մասին: Պոկվում էին տերևները, պոկվում ու թափվում, ինչպես որբացած մանուկներ, օտար ափեր ճամփա ընկնողներ: Երբ կտրվեց անձրևը, ծիրանենու տակից դուրս եկա, բայց ավաղ ծիրանենին չուներ այլևս այն գեղեցկությունը, որը ուներ մինչև անձրևի տեղալը: Երկա՜ր, քարացած նայում էի շվարած: Այդ օրից մնաց առաջին դառնության ճաշակումը: Այդ օրից ի վեր տերևաթափ ծիրանենին մնաց որբության նշան իր մերկությունով, անձրևը՝ մխիթարություն ու սփոփանք, իսկ թափված տերևները՝ օտարություն:
Անցան տարիներ:
Աշնանային մի երեկո քայլում եմ Մաշտոցի պողոտայով ու հանկարծ...
Դիմացի մայթեզրին կանգնած էր մի կին, իսկ նրան ամուր գրկած մի փոքրիկ փորձում էր անձրևից պատսպարվել: Որդին է, մտածեցի ես ու քայլերս ուղղեցի այդ ուղղությամբ: Երթուղային տաքսիները անցնում էին նրանց կողքով անտարբեր, առանց ուշադրություն դարձնելու արգելակող մոր ձեռքերին, պատճառը որդին էր, ով գամված էր հաշմանդամի սալյակին: Քիչ անց սկսեց քամին պոկել ծառերի տերևներն ու քշել այս ու այն կողմ: Փոքրիկը սկսեց խաղալ տերևնեիր հետ ու իր ծիծաղով վարակել ողջ փողոցը: Մայրն արտասվում էր: Արցունքներից դժվար չէր կռահել, որ ուրախության, երջանկության արցունքներ են: Ով գիտի՝ ինչքան ճիգ ու ջանք էր թափել այս մի պահը նվիրելու, որդու տխրությունը ցրելու, մի կտոր ծիծաղ պարգևելու և վերջապես նրան մի ակնթարթ երջանիկ տեսնելու համար:
Խոնարհվում եմ ՁԵՐ առաջ, մտածեցի ես, որ ՁԵՐ փոքրիկին չեք տարել դեպի օտարություն, անորոշություն, որ ՁԵր սիրտը բաբախում է դեռ փոքրիկի համար, որ ՁԵՐ հոգում ՄԱՅՐԱԿԱՆ սերը չի մարել , որ ձեռքբերում եք համարում փոքրիկի մեկրոպեանոց ծիծաղը:
Շուտով մի բարեխիղճ վարորդ տարավ նրանց, իսկ ես դեռ երկար կանգնել ու նայում էի, հիշեցի մանկատան այգին, ծիրանենին, անձրևն իմ մանկական այտերից հոսող, հիշեցի առաջին դառնության ճաշակումը:
Սիրում եմ աշունը տերյանական, բակունցյան, մաթևոսյանական:
Պաշտում եմ քեզ աշուն արարատյան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.grigoryan.92505
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել