Armtimes.com-ը գրում է.

Երեւանի Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լարված իրավիճակ է: Այնտեղ են Կարբի գյուղի բնակիչները, որոնք բողոքիցույց են անում՝ պահանջելով ազատ արձակել իրենց գյուղի 2 բնակիչներին՝ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյաններին:

Նրանք կալանավորվել են՝ նախորդ ամսվա վերջին տեղի ունեցած Կարբիի աղմկոտ միջադեպի պատճառով, երբ նաեւ հրաձգություն էր եղել: Ըստ գյուղի բնակիչների, այդ վիճաբանությանը մասնակցել է մոտ 80 մարդ, սակայն կալանավորվել են միայն Նազարեթյան եղբայրները, որոնց նկատմամբ մեղադրանքն իրենք անհիմն են համարում ու ամբողջ գյուղով հայտարարում են, որ եղբայրների «գլխին սարքել է» Կարբիի գյուղապետն ու տարածքի Հանրապետական պատգամավորը:

Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյան եղբայրների ընտանիքի անդամները նշում են, որ իրենք բազմանդամ ընտանիք են, 2 եղբայրներն էլ յուրաքանչյուրը 2 երեխա ունեն, եղբայրների հայրը նոր է վիրահատվել, ամբողջ ընտանիքը պահում էին իրենք երկուսով ու այժմ ընտանիքն առանց կերակրողների է մնացել:

Նշենք, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը գործը քննել է, սակայն կալանքի որոշում չի կայացրել: Կալանքի մասին որոշում է եղել դատախազի բողոքարկումից հետո եւ  1 օրվա տարբերությամբ կաանավորվել են երկուսն էլ: Եղբայրների հարազատների պնդմամբ, առերեսում չի կատարվում, փաստեր չեն ներկայացվում ու Նազարեթյանները ընդամենը դարձել են գործը քողարկելու գործիք:

Եղբայրների պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Լուսինե Սահակյանը, ով եւս կարծում է, որ եղբայրների կալանքի համար բավարար հիմքեր չկան, միջադեպին նրանց մասնակցությունն ապացուցված չէ, իսկ մջադեպի հիմնական մասնակիցներն ազատության մեջ են:

Կարբեցիները դատարանի մոտից երթով շարժվել են դեպի գխավոր դատախազություն, շարունակ հնչեցնելով իրենց պահանջը՝ ազատել անարդարացիորեն ազատազրկված Նազարեթյան եղբայրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել