«Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հաս­տատել է տեղեկությունը, թե Մի­ացյալ Նահանգներ նրա այցի ընթացքում հնարավոր է հան­դիպում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ քաղաքա­վարական հանդիպում, ինչպես նշել է աշխատակազմը: Արմեն Սարգսյանն արտերկրյա շրջա­գայության է մեկնել արդեն մի քանի օր՝ Միացյալ Թագավորու­թյուն, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ:

Ընդ որում՝ նրա այցը Հայաստանում արժանացավ վարչա­պետի խոսնակի հետաքրքիր մեկնաբանության՝ ի պատաս­խան «Արմենպրես»-ի հարցի: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակն ազդարարեց, որ, ըստ Սահմանադրության, նախագա­հը արտերկրյա այց կարող է կա­տարել միայն վարչապետի հա­մաձայնությամբ կամ հանձնա­րարությամբ, և Արմեն Սարգսյանի այցը պետք է դիտարկել այդ շրջանակում, Սահմանադ­րության այդ պահանջի շրջա­նակում:

Իսկ մինչ այդ հայկական մա­մուլում հրապարակումներ են եղել, որ Արմեն Սարգսյանն ինք­նուրույն խաղ է սկսել և հատկա­պես արտաքին քաղաքականու­թյան ուղղությամբ:
Այդպիսով, ո՞ր տրամաբանության շրջա­նակում է տեղավորվելու Մայք Պոմպեոյի հետ Սարգսյանի հանդիպումը Նահանգներում՝ իր խաղը սկսելո՞ւ, թե՞ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնու­թյան ու նրա հավանությամբ: Իսկ գուցե երկուսը միասին: Ավելի հավանական է հենց այդ տարբերակը, երբ Արմեն Սարգսյանն առայժմ դուրս չի գալիս սահմանադրական իր իրավա­սությունների շրջանակից և չի շրջանցում վարչապետին դե յու­րե, սակայն դրանք փորձում է հնարավորինս ծառայեցնել վարչապետի քաղաքական իրավասությունների շրջանակը նեղացնելու և նրան դե ֆակտո շրջանցելու համար:

Ընդ որում՝ այստեղ, իհարկե, կարող ենք գործ ունենալ նաև երկշերտ իրողության հետ: Մի կողմից, իհարկե, նախագահ- վարչապետ շահերի բախման, որ բխում է ընդհանրապես իշ­խանության բնույթից և նորու­թյուն լինել չի կարող ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրա­պես որևէ պետության դեպ­քում, առավել ևս խորհրդարանական բազմակենտրոն կառա­վարման մոդելի պարագայում, թեև իշխանություն երևույթն այդ խնդիրը պարունակում է անկախ կառավարման մոդելից՝ ժողովրդավարություն, ավտորիտարիզմ և ամբողջատիրու­թյուն: Ավելին՝ այստեղ է նաև ժողովրդավարության, այսպես ասած, առավելությունն ու անհ­րաժեշտությունը, որպեսզի հնարավորինս ստեղծվեն հա­կակշիռներ ու ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներիշխանական շահերի բախումն ու տարակար­ծությունները արտահայտելու, կուլիսային ինտրիգների դաշ­տից հնարավորինս դուրս բերե­լու և հանրային դաշտում պա­հելու համար, պետական կա­ռավարման համակարգը թագավորական պալատի չվերա­ծելու համար:

Մյուս կողմից, եթե դուրս գանք ինտրիգների դաշտից, որքան էլ դրանք սնուցվեն նաև իշխա­նություն երևույթի «բնական աղբյուրից», այստեղ խնդիրը նաև պետական քաղաքակա­նությունն ու արտաքին քաղա­քական կենսունակությունն է, հատկապես Հայաստանի հա­մար և առավել ևս ներկայիս աշխարհաքաղաքական միջա­վայրի անվտանգային բարձր ռիսկերով, որոնք մեր դեպքում արտահայտվում են արցախյան խնդրում, Ադրբեջանի ագրեսիվ վարքագծով, և դրանում ներգ­րավված ուժային կենտրոննե­րի, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ սերտ աշխատանքը հույժ կարևոր է Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել