Հայկական էստրադան լիքն է տարատեսակ երգիչ-երգչուհիներով: Ամեն Աստծո նոր բացվող օրվա հետ նոր աստղեր են ծնվում, ովքեր անում են ամեն ինչ իրենց այդ բաղձալի տիտղոսը պահելու համար: Այս աստղերի փայլն անմար է պահում հեռուստաեթերը: Այն, որ հայերս ուտող – խմող ազգ ենք, բոլորիս է հայտնի: Ու հատկապես շատ ենք սիրում երգ-երաժշտության ներքո կազմակերպել այդ արարողությունը: Մեր այս ցանկությունն էլ շատ հաճախ իրականացնում են նույն այդ աստղերը: Անընդհատ նոր տեսահոլովոկներ նկարահանելու համար նրանց փող է պետք: 

 Իսկ որտեղի՞ց այդ փողը հայթայթեն, եթե մեր մի բուռ երկրում շատ քիչ են կազմակերպվում համերգներ: Նրանց ոչ միշտ է հաջողվում լցնել դահլիճներ, ու նրանք սկսում են աղքատանալ: Աղքատությունը պատվով հաղթահարելու համար էլ ստիպված են լինում բեմը փոխարինել ռեստորանով կամ ակումբով: Մեր շատ աղքատիկ շոուբիզնեսի ներկայացուցիչներին օգնության են հասնում կնունք - ծննունդները, հարսանիքները, կորպորատիվ միջոցառումները: Վերջերս փողաբեր այս ասպարեզներին ավելացան նաև հեռուստասերիալները:

Հայ սուպերսթարից հայտնի դարձած Միհրան Ծառուկյանը, ով նաև մեզ ներկայացավ իր դերասանական խաղով, աշխատում է ակումբում: Նա համալրում է նրանց շարքերը, ովքեր ունեն մշտական երեկոյան աշխատանք: Հետաքրքիր է, որ այսօրվա դեռահասների կուռքը ազատորեն խոստովանում է այս փաստը: Մինչդեռ կան հայտնիներ, ովքեր իրենց կարիերայից իսպառ բացառում են ռեստորանը կամ ակումբը: Նրանք իրենց մի քանի գլուխ բարձր են համարում` ռեստորանում երգելու համար: 
Այստեղ էլ տեղին է հիշել , որ այսօր հայ երգարվեստը ամբողջ աշխարհով տարածող Արման Հովհաննիսյանը, նույնպես , սկսել է ռեստորանից և , կարծես , վատ արդյունքներ չի գրանցել: 

 


Արսեն Սաֆարյանը, չնայած վերջերս շատ է պասիվացել տեսահոլովակների դաշտում, բայց ակտիվ է ակումբներում: Հետաքրքիր է, որ, եթե արտասահմանում սովորական մահկանացուները ակումբից են հասնում մեծ բեմ ու դառնում հայտնի, մեր երկրում հակառակն է. արդեն կայացած ու հեռուստաեթերը զբաղեցրած աստղերը ստիպված են լինում ետ գնալ ակումբ կամ ռեստորան: Կորպորատիվ միջոցառումները ավելի շատ եկամուտ են բերում մեր հայտնիներին, քան տարվա մեջ մի քանի անգամ կազմակերպվող համերգները: Մեր աստղերն էլ կարողանում են ճիշտ օգտագործել այդ վաստակը: Նկարահանում են նոր տեսահոլովակներ և ռեստորանից բացի հայտնվում նաև ամենատարբեր ու խայտաբղետ հիթ շքերթներում: Հետաքրքիր է, որ իրենց՝ շոուբիզնեսի կարկառուն դեմքեր համարող երգիչները ունեն մշտապես հանրությանը նորություններով ներկայանալու խնդիր: Հենց այդ տեսահոլովակներն են, որ պահում են նրանց հայտնիության սանդղակի վրա:

 

 

Իսկ իրենց ամբողջ կյանքը ռեստորանային երգարվեստը բարձր պահողները չունեն նման խնդիր: Դժվար թե մենք այսօր կարողանանք տեսնել, ասենք, Թաթուլի տեսահոլովակը: Ինչ խոսք, հայտնիության չափանիշները շատ տարբեր են: Ոմանք ուզում են փայլել և´ հեռուստաէկրանին, և´ ակումբներում: Ոմանք էլ, հավատարիմ մնալով «մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի» ասույթին, իրենց լավ են զգում միայն ռեստորաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել