168.am -ը գրում է

Անշարժ գույքի շուկայում գների աճը Հոնկոնգն առաջին տեղն է դուրս բերել օտարերկրյա ընկերությունների աշխատակիցների ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքների ցուցակում: Այդ մասին վկայում են Mercer միջազգային կոնսալտինգային ֆիրմայի կողմից հրապարակված տվյալները:

Ուսումնասիրության շրջանակներում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են բնակարանի, տրանսպորտի, սննդի, հագուստի, ժամանցի ու ծառայությունների արժեքը, ինչպես նաեւ այնտեղ օգտագործվող ազգային արժույթների փոխարժեքների տատանումները: Որպես հիմք վերցվել է Նյու Յորքի կենսամակարդակը:

Հոնկոնգն առաջատարն է բնակարանի վարձակալման գներով, որոնք աճում են 17 ամիսն անընդմեջ: Երկու ննջարանով հարկաբաժնի ամսական վարձակալման արժեքն այստեղ միջին հաշվով կազմում է 7671 դոլար՝ Նյու Յորքի 5,7 հազար դոլարի համեմատությամբ:

Այսպես, մեկ գավաթ սուրճը քաղաքում նստում է 7,74 դոլար, իսկ 1 լիտր կաթը՝ 3,78 դոլար: Երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են Տոկիոն եւ Ցյուրիխը: Առաջատարների տասնյակում են հայտնվել նաեւ Սինգապուրը, Սեուլը, Անգոլայի մայրաքաղաք Լուանդան, Շանհայը, Նջամենան (Չադի Հանրապետություն), Պեկինը եւ շվեյցարական Բեռնը:

Հետազոտության հեղինակները Մոսկվան կարգել են 17-րդ տեղում: Արտասահմանցի մասնագետների ապրելու համար նվազագույն ծախսեր պահանջող քաղաքներ են ճանաչվել ղրղըզական Բիշքեկը, Թունիսը (համանուն հյուսիսաֆրիկյան երկրի մայրաքաղաքը) եւ Տաշքենդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել