Առավոտ, բանկ, հերթի մեջ կանգնած է մոտավորապես 15 հոգի, սպասարկող աշխատակիցներից մեկը տեղում չէ, մյուսը հեռախոսով բարձրաձայն խոսում է յարի հետ, արդյունքում 3-ից միայն մեկ աշխատակիցն է ծուլորեն սպասարկում աշխատանքի շտապող հաճախորդներին:
Հերթի մեջ ապաստանածները դժգոհ են, սակայն, չնայած անախորժ ու լարված մթնոլորտի՝ ոչ ոք չի դժգոհում. բոլորը կանգնած են թթված դեմքերով, բայց լուռումունջ:
Այդտեղ չհամբերեցի ու սկսեցի բողոքել աշխատակիցների անգործությունից ու իրացնել իմ սահմանադրական իրավունքները, որին ի պատասխան չլսեցի ոչ մի խելամիտ պատասխան, ինձ միացավ ինտիլիգենտ մի կին, ով հետո պարզվեց՝ ԵՊՀ-ի դասախոս է:
Երբ 15 հոգուց բաղկացած մենեջերա-բիզնեսմենների հերթից դժգոհություն հայտնողները ես ու այդ կինն էինք, հանկարծ շարքերից մի գալստուկավոր մարդ սկսեց պաշտպանել բանկի աշխատակիցներին՝ «դե իրենց գործն են անում...» ու նման բաներ, կինը քամուն տվեց այդ մարդու բոլոր բմբուլները, դե ես էլ վերջում ավելացրի՝ «պետք չէ ջանասիրաբար սափոնվել բանկի աշխատակիցներին, մեկ է՝ Ձեզ առանց հերթի չեն սպասարկելու»....
Արդյունքում բոլոր աշխատակցիները լծվեցին գործի ու սկսեցին արագ-արագ բոլորին սպասարկել, իսկ մասնավորապես ինձ սպասարկողը չափազանց սիրալիր էր:
Բարոյախրատական՝
Այ էսպես է մեր հասարակությունը. բողոքում են բոլորը, արտահայտվում քչերը, գտնվում է մեկը, ով ցեխի միջից օրհնում է իրեն այդ վիճակում գցողներին, իսկ համընդհանուր «պայքարի» պտուղները քաղում են լուռումունջ կանգնած անտարբերները:



