Ես երբեք չեմ մտածել Հայաստանից հեռանալու, իմ երկիրը լքելու մասին: Ունեցել եմ հնարավորություններ, առաջարկություններ... 1988-ին, ազգավեր երկրաշարժից հետո, մոսկովյան իմ ուսանողական ընկերներն առաջարկել են իրենց բնակարանները, աշխատանք և ապահովություն: 1993-94 թվականներին, երբ հեռացան հարյուր հազարավոր մարդիկ, ինձ առաջարկվել է բնակություն հաստատել Ֆրանսիայում, ծովափնյա Մարսել քաղաքում: Բնականաբար, առաջարկվել է բարձր վարձատրվող աշխատանք: Ուրիշ առաջարկություններ ևս ստացել եմ վերջին տարիներին, սակայն միշտ մտածել եմ, որ Հայաստանը Հայաստան է ամեն մեկիս ներկայությամբ, ամեն մեկիս գոյությամբ: Մտածել եմ, որ իմ որդին չպետք է փախչի երկրից ու պիտի ծառայի մեր բանակում` պաշտպանելով մեր հողն ու անկախությունը... Բայց հիմա արդեն դանակը ոսկորին է հասել, հիմա արդեն հասկանում եմ, որ իմ հայրենասիրությունն ու հայրենանվիրությունը վերածվել են էշի մարտիրոսության... Ո՞ր մեկ երկրում են մարդուն պատժում իր երկիրը սիրելու, նրան նվիրվելու, նրան ծառայելու համար, ո՞ր մեկ երկրում են ողջ կյանքում աշխատող մարդուն պարտադրում ամեն բացվող օրվա հետ մտածել հաց հանապազօրյայի, կեցության ամենատարրական խնդիրների մասին, ո՞ր մեկ երկրում են մտավորականին ու արվեստագետին, գիտության մարդուն միտումնաբար մղում դեպի աղքատության, դեպի գոյության անհավասար պայքար` ողջ ամսվա համար աշխատավարձ սահմանելով այնպիսի գումար, որը ցանկացած նախարար ծախսում է երկու-երեք օրվա ընթացքում` որպես գրպանի մանր գումար... Ո՞ր մի երկրում է իշխանությունն անողոքաբար ծաղրում իր քաղաքացուն, իր մտավորականին, իր գիտությունն ու մշակույթն ինչ-որ բանով հարստացնողին, ո՞ր մի երկրում են ոտնահարում այսպես դաժանորեն մարդու իրավունքները... Չգիտեմ, գուցե «հեռու տեղի ձայնն անուշ է», գուցե ամեն ինչ երևութական է, սակայն գիտեմ ու տեսել եմ, որ ցանկացած երկրում գոնե մարդուն ապահովում են այնպիսի աշխատավարձով, որ նա մուրացկան չդառնա... Հիմա կանգնած եմ ճամփաբաժանի առջև, հիմա արդեն իսկապես մտահոգում է հեռանալու խնդիրը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել