Ուզում եմ կիսվել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցող դիվանագիտական ակնհայտ նոր իրողության հետ։ Անհերքելի փաստ է, որ, բացի մեր երկրի վարած արտաքին քաղաքական և դիվանագիտական գրագետ աշխատանքից, այս հարցի դիվանագիտական կարգավորումը և լուծումը մեծապես կախված է մեծ տերությունների աշխարհաքաղաքական հետաքրքրությունների, շահերի և ուժերի դասավորության դաշտում։ Եվ հիմա այս գեոպոլիտիկ իրողությունը կարծես խիստ տեսանելի ազդակներ է ուղարկում, որոնք անտեսելը կարող է բերել լուրջ հետևանքների։
Բնականաբար, որպես ազդակ պետք է դիտարկել այն, որ ԱՄՆ նախագահը 4 անգամ արդեն շնորհավորական նամակներ է հղում Ադրբեջան, որոնցից մեկում էլ ուղղակիորեն հույս է հայտնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մոտ ապագայում կարգավորելու վերաբերյալ։
Ազդակ է նաև այն, որ Ռուսաստանի ԱԳՆ Լավրովն ուղղակիորեն հերքեց, թե Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Պոպովը չի բացառել Արցախի վերադարձը բանակցային գործընթացին, չնայած որ Պոպովը շատ հստակ էր ձևակերպել իր միտքը։
Ազդակ էր, որ նույն Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը բացառել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը Մոսկվայում՝ նշելով, որ Հայաստանի նախագահը Մոսկվա չի ժամանել։
Վստահ եմ, որ թե՛ Պեսկովը և թե՛ Ռուսաստանի ղեկավարությունը տեղյակ են, որ ներկայումս ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարը հենց վարչապետն է, ով Մոսկվայում է, և նախագահ-նախագահ ֆորմատը իբրև սկզբունք առաջ տանելը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանին ներկա փուլում քարտ-բլանշ։
Սրան գումարենք ևս մի անհերքելի փաստ․ Ադրբեջանն արդեն անցել է խորքային ուժերի տեղաշարժի՝ դեպի շփման գիծ, ինչն անտեսել չի կարելի։
Ինչ է սպասվում մեր տարածաշրջանին, դեռ խմորումների փուլում է, և պետք է լուրջ աշխատանք կատարել՝ չեզոքացնելու այս ամենը։
Իհարկե, պատերազմից չենք վախենում։
Իհարկե, այս հարցում առավել քան միասնական ենք։
Բայց դիվանագիտական ճակատը ևս կարևորագույններից է, և այստեղ ևս պատրաստ ենք կռիվ տալու բոլորս միասին։